AM
12 Մայիս 2009 - 14:44 AMT

Հայաստանը կարող է այնպես անել, որ նրան լրջորեն ընկալեն

«Երբ որ ժողովուրդը դադարի վախենալ իշխանություններից եւ ստեղծվի ժողովրդական կառավարություն, մենք հաջողության կհասնենք եւ աշխարհը կընկալի մեզ որպես մի պետություն, որն իր արժեքների համակարգն ունի»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Մարտիրոսյանը` հավելելով, որ նման քաղաքականությունը կստիպի աշխարհին լրջորեն ընկալել Հայաստանը: «Մենք խնդիրներ ունենք մեր երկրի ներսում, եւ քանի որ ի վիճակի չենք դրանք ինքնուրույն լուծել, դա առիթ է տալիս այլ երկրներին թելադրել մեզ, թե մենք ինչ պետք է անենք»,-նշել է Գայանե Մարտիրոսյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին հարցին` Գայանե Մարտիրոսյանը հայտարարել է. «Պետք չէ վախենալ ընտրություններից, չկա ոչ մի ահաբեկություն, տեսախցիկները չեն հետեւելու, թե դուք ում եք ընտրում, բոլոր մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ»: «Եթե դուք տանը ինչ-որ խնդիր ունեք եւ չեք լուծում այն, այն չի կարող ինքն իրեն անցնել, մեր երկիրը մեր տունն է»,-հայտարարել է Մարտիրոսյանը` ընդգծելով, որ շատ բան է փոխվել եւ ժողովուրդն ու կառավարությունը հեռացել են միմյանցից: «Ինչպես կարող է աշխարհը մեզ լուրջ վերաբերվել, եթե մենք չենք կարողանում նույնիսկ ընտրություններ անցկացնել, լինի դա քաղաքապետի թե նախագահի ընտրություն»,-հայտարարել է Գայանե Մարտիրոսյանը: «Դա միայն թվում է, թե կառավարությունը աչք է փակում ժողովրդի վրա: Նրանք իրենց գործը լավ գիտեն եւ իրենց կամքն են պարտադրում ժողովրդին, այժմ դա է նրանց ձեռնատու: Հարգում են նրան, ով իշխանություն ունի»,-հայտարարել է նա: