Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ հարցման արդյունքները: Այդ սոցհարցումն անցկացվել է երեք փուլով 2009-ի ապրիլ-մայիս ամիսներին մայրաքաղաքի բոլոր համայնքների 5500 բնակիչների շրջանում, դրա հետ միասին 7000 հոգուց, ում առաջարկվել էր մասնակցել սոցհարցմանը, 27% հրաժարվել էին` հայտնելով, որ իրենց համար ընտրությունները հետաքրքրություն չեն ներկայացնում: Սոցհարցման պատվիրատուն կառավարող Հանրապետական կուսակցությունն է:
«Ընտրողներին կարելի է բաժանել 5 խմբի: Սոցհարցմանը մասնակցելու համաձայնածներից 1-ին խմբի մեջ մտել են 25%, ովքեր հետաքրքրված չեն եւ չեն պատրաստվում գնալ ընտրությունների եւ 4%, ովքեր սկզբունքորեն չեն մասնակցելու ընտրություններին»,- նշել է Ադիբեկյանը: Երկրորդ խումբը` ընտրողների 29%, գնալու են ընտրությունների, ընդ որում չեն թաքցնում, թե ում են տալու իրենց ձայնը: Երրորդ խումբը, որը հավաքել է ընդամենը 3%, ընդգրկում է նրանց, ովքեր գնալու են ընտրությունների, բայց դեռեւս չեն կողմնորոշվել, թե ում են տալու իրենց ձայնը: «Հաջորդ խմբի մեջ մտնում են ընտրողների 17%, ովքեր հստակ որոշել են, որ գնալու են ընտրությունների, բայց չեն հայտնում, թե ում են տալու իրենց ձայնը, իսկ հինգերորդ խումբը կազմում է 22%, նրանք դեռեւս չեն որոշել, թե արդյոք գնալու են ընտրությունների եւ ում օգտին են քվեարկելու»,- հայտնել է Ադիբեկյանը:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ընտրություններին մասնակցելու է ընտրողների ընդհանուր թվի մոտ 40%, եւ, հնարավոր է, նրանց առավելագույնը կմիանան եւս 10%:





