«Բոլոր դժվարությունները հաղթահարելու համար երկրին կայունություն է պետք: Այն երկիրը, որը կկարողանա կայունության ապահովել, կկարողանա նաեւ հաղթահարել ֆինանսական ճգնաժամը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկությունից հետո: Նրա խոսքերով, երկրում պետք է նոր ավանդույթ ձեւավորել, երբ պարտված կողմը կարողանում է համարձակ ընդունել իր պարտությունը:
«Այս ընտրությունը տարբերվում է նախորդներից, նախընտրական քարոզարշավը հանգիստ անցավ, սա արդեն առաջընթաց է»,-հայտարարել է Սարգսյանը: Նրա խոսքերով, ընտրությունները դեռեւս հանգիստ են անցնում եւ պատահարների մասին դեռեւս իրենց չեն զեկուցել:
Երեւանում շարունակվում են Ավագանու ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: Առավոտվա 11:00-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է 90 450 ընտրող, ինչը կազմում է ձայնի իրավունքն ունեցողների 11,72 տոկոսը: Ընտրողների ընդհանուր թիվը Երեւանում 771 477 է:





