ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը, Զարուհի Փոստանջյանը, Գրիգորի Մարգարյանը, Արմեն Մելիքյանը, Արծրունի Աղաջանյանը, պաշոնատար այլ անձինք:
2009 թվականի հունիսի 22-26-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի գլխավոր իրադարձություններից մեկը կդառնա «մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրադրության» քննարկումը երկու թեմաների համատեքստում. անպատժելիության վերացում եւ Վեհաժողովի դիտարկման ընթացակարգի զարգացում:
Խորհրդարանականները կքննարկեն «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառնման մասին» հերթական զեկույցը:
Այս տարի, Վեհաժողովի կողմից ավանդաբար երկու տարին մեկ անգամ անցկացվող մարդու իրավունքների բնագավառում իրադրության շուրջ կարծիքների փոխանակման շրջանակներում, առաջին անգամ տեղի կունենա Մարդու իրավունքների գծով ԵԽԽՎ մրցանակի հանձնման արարողությունը:
Նստաշրջանի օրակարգի նախագիծը ենթադրում է Եվրախորհրդի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունները: Վերջնական տեսքով նստաշրջանի օրակարգը կընդունվի նստաշրջանի աշխատանքը սկսելուն պես: Վեհաժողովը հայցադիմում է ստացել գլխավոր քարտուղարի ընտրությունների ընթացքի վերաբերյալ արտահերթ քննարկումների անցկացման մասին:
Խորհրդարանականները կքննարկեն նաեւ Ուկրաինայի պատվիրակության լիազորությունների վիճարկման վերաբերյալ հարցումը` Վեհաժողովի 20 անդամի կողմից ներկայացված էական հիմքերի առկայության պարագայում:





