AM
23 Հունիս 2009 - 16:58 AMT

Բաքուն շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցում ապակառուցողական քաղաքականությունը

Նրանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համաձայնագիր այս տարիների ընթացքում ձեռք չի բերվել եւ չի ստորագրվել, մեղավոր է հենց Բաքուն: Այդ մասին, մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը մինչեւ տարեվերջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Բոլորն արդեն սովոր են, որ պարոն Բրայզայի հայտարարությունները սովորաբար սրբագրվում կամ հերքվում են կամ հընթացս, կամ որոշ ժամանակ անց, կամ էլ վերջապես: Ժամանակը ցույց կտա, թե ինչ ի նկատի ուներ եւ ինչ էր ուզում իրականում ասել պարոն Բրայզան»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալը:

Ինչ վերաբերում է Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, ապա հենց ադրբեջանական կողմն է մեղավոր, որ համաձայնություն այս տարիների ընթացքում ձեռք չի բերվել ու չի ստորագրվել: Հայաստանը շարունակում է բանակցությունները, քանի որ չի բացառում, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի: «Սակայն պարոն Մամեդյարովի հայտարարությունը վկայում է հենց հակառակի մասին՝ Ադրբեջանի մտադրության մասին նույն ոգով շարունակել ապակառուցողական քաղաքականությունը եւ հերթական անգամ փորձել սեփական մեղքը բարդել Հայաստանի վրա»,- ասել է Քոչարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: