AM
6 Հուլիս 2009 - 06:07 AMT

Վաշինգտոնը չի խանգարի Իսրայելին ռմբակոծել Իրանը

Վաշինգտոնը չի խոչընդոտի Իսրայլեին Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու դեպքում, եթե Երուսաղեմը որոշի, որ դա անհրաժեշտ է: Այդ մասին հաղորդել է Իրաքում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն իրավունք չունի պայմաններ թելադրել ոչ մի ինքնիշխան պետության, որը պետք է ինքը որոշի, թե ինչ պետք է անի, իսկ ինչ` ոչ: Նա նաեւ հաղորդել է, որ Վաշինգտոնը իրավունք է վերապահում Իսրայելին հարաբերություններ հաստատել ինչպես Իրանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի հետ, հաղորդում է NEWSru Israel-ը:

Այս տարվա ապրիլին Բայդենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ակնկալում Իսրայելի Նեթանյահուի նոր կառավարությունից հարձակում Իրանի միջուկային օբյեկտների վրա:

Նման կարծիք է հայտնել նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը հայտարարել է. «Եթե Իսրայելն այս տարի ինչ-որ գործողություններ ձեռնարկի, ես կզարմանայի: Ես կարծում եմ, որ մենք բավարար ժամանակ ունենք համոզելու համար Թեհրանին հրաժարվել միջուկային զենքից: Չգիտեն, որքան…Հնարավոր է, մեկ, երկու, երեք տարի անց»:

Իսրայելի ղեկավարությունում կարծում են, որ Իրանի ռեժիմն ի վիճակի է միջուկային մարտագլխիկ ստեղծել կես կամ մեկ տարում` ռազմական հետախուզության պետ Ամոս Յադլինը հայտարարել էր շուրջ երկու ամիս առաջ, որ Իրանի ռեժիմը գրեթե անհրաժեշտ ամեն ինչ ունի միջուկային զենքի ստեղծման համար: