AM
6 Հուլիս 2009 - 11:14 AMT

Հայտարարելով համաներում` ՀՀ նախագահը հաշվի է առել հասարակայնության կարծիքը

Հայտարարված համաներումը ԵԽԽՎ ճնշման հետեւանք չէ, այլ նախագահի բարի կամքի դրսեւորում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «ԱՎելի քան 250 դատապարտյալներ արդեն ազատության մեջ են, իսկ ընդհանուր առմամբ համաներումը տարածվել է շուրջ 1000 բանտարկյալների վրա»,- հայտարարել է Մելիքյանը, պարզաբանելով, որ համաներումը չի նշանակում այդ բոլոր բանտարկյալների ազատում. ոմանց համար այն ենթադրում է ընդամենը ազատազրկման ժամկետների կրճատում:

Մելիքյանի կարծիքով, Հայկական ազգային կոնգրեսը, հայտարարելով այն մասին, որ համաներումը ԵԽԽՎ կողմից ճնշման հետեւանք է, միաժամանակ լռում է այն մասին, որ այն ընդամենը ԵԽԽՎ երաշխավորագիր է: «Ոչ ոք չի կարող ստիպել նախագահին կամ ՀՀ ԱԺ-ին»,- հայտարարել է Մելիքյանը, նշելով, որ հայտարարելով համաներում, Սերժ Սարգսյանը լսել է հասարակության կարծիքը:

Մելիքյանը նաեւ հայտարարեց, որ կառավարությունը չի խախտել 1677 բանաձեւը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, համաձայն որի իշխանություններին ինքնակամ հանձնված մարդկանց նկատմամբ կալանք չի կիրառվելու: Նա նշեց, որ Փաշինյանի կալանքի մասին որոշումն ընդունվել էր մինչեւ նրա հանձնվելն իշխանություններին:

2008-ի մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, հետախուզության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, որը հուլիսի 1-ին հանձնվել է իրավապահ մարմիններին, տվյալ պահին գտնվում է կալանքի տակ: