AM
11 Հուլիս 2009 - 13:58 AMT

ՀՀ ԱԳՆ. Վերջին խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդինն է

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանը, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջխաղացումների հույսեր ունենք», – Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ կողմերը ցանկանում են պայմանավորվածություն ձեռքբերել: «Մենք նկատեցինք հակամարտության լուծման ձգտում, իսկ դա մեծ առաջընթաց քայլ է», – ընդգծել է Ստեյնբերգը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների այցերը Երեւան խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգները մեծ կարեւորություն են տալիս Հայաստանին:

Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ պաշտոնական Երեւանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված համանախագահ երկրների ջանքերը, եւ առաջին հերթին ԱՄՆ-ի: «Բայց, բոլոր դեպքերում, վերջին խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդինն է, նա է որոշելու իր ճակատագիրը: Այդպիսին է մեր դիրքորոշումը, եւ այն անփոփոխ է», – ընդգծել է Նալբանդյանը: