Հայաստանի ղեկավարությունը պետք է ջանք չխնայի երկրում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության հանդեպ ժողովրդի կորցրած վստահությունը վերադարձնելու համար: Այդ մասին ասվում է մայիսի 25-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ վերջնական զեկույցում: Այնտեղ նշվում է նաեւ, որ հետագայում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է բարեփոխել երկրի ընտրական օրենսդրույթունը: Փաստաթղթում ընդգծվում է, որ զանգվածային խախտումներ նկատվել են գլխավորապես ձայների հաշվարկման ժամանակ: Չնայած երկրի ղեկավարության ջանքերին` խախտումների կանխման առումով, դրանց կատարողները այնուամենայնիվ պատասխանատվության չեն ենթարկվել, ասվում է զեկույցում: «Հայաստանի իշխանությունները պետք է ջանք չխնայեն անպատասխանատվության մթնոլորտը վերացնելու համար, դրանով իսկ հաստատելով հետագայում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը»,- ասվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ նախագահական ընտրությունների համեմատ խորհրդարանական ընտրությունների ընթացքում որոշակի առաջընթաց է արձանագրվել, հատկապես նախընտրական քարոզարշավի լուսաբանման անկողմանակալության հարցում:





