AM
3 Սեպտեմբեր 2009 - 12:17 AMT

ՀԱՊԿ-ն բանակցություններ չի վարում կազմակերպության մեջ Ադրբեջանի մտնելու մասին

ՀԱՊԿ-ն բանակցություններ չի վարում կազմակերպության մեջ Ադրբեջանի մտնելու մասին: Այդ մասին «ՀԱՊԿ Ինստիտուտ` Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության զարգացման նոր գործիք» թեմայով Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ներկայումս Ադրբեջանի անդամության վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Խոսելով ՕԱՀՈՒ ձեւավորման հարցում Բելառուսի դիրքորոշման մասին` Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ դա այդ երկրի ինքնիշխան իրավունքն է: «ՕԱՀՈՒ վերաբերյալ համաձայնությունը ստորագրել են ՀԱՊԿ 5 մասնակից-երկրներ: Նրանցից որոշներն արդեն ուղարկել են այդ փաստաթուղթը վավերացման համար: Եթե Բելառուսը կոնկրետ որոշում ընդունի այդ առիթով, ապա կմասնակցի այդ ուժերին»,- հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ինչ վերաբերում է օպերատիվ ուժերին Ուզբեկստանի միացման հնարավորությանը, ապա Նիկոլայ Բորդյուժան հաղորդել է, որ ՕԱՀՈՒ ձեւավորման եւ կիրառման վերաբերյալ Տաշքենդի կարծիքը չի համընկնում օպերատիվ ուժերի մյուս մասնակից-երկրների կարծիքի հետ: «Սակայն Ուզբեկստանի ղեկավարությունը հայտարարել է, որ կտեսնի, թե ինչպես են գործելու ՕԱՀՈՒ, ինչպես են ձեւավորվելու, եւ ապա նոր վերջնական որոշում կընդունեն»,- հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: