AM
10 Սեպտեմբեր 2009 - 13:01 AMT

Պատմության թանգարանին եւ Հայաստանի ազգային արխիվին Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի գործունեության մասին փաստաթղթեր են փոխանցվել

Հայաստանում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովը Հայաստանի ազգային հերոսներ Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի գործունեության հետ կապված բազմաթիվ փաստաթղթերի կրկնօրինակներ է հանձնել Հայաստանի Ազգային արխիվին եւ Պատմության թանգարանին: Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ Բուլղարիայի Ազգային արխիվում եւ Վելիկո – Տիռնովում գտնվող կենտրոնական ռազմա – պատմական արխիվում սկսվել են փաստաթղթերի որոնում, որոնք կապված են հայ նշանավոր գործիչների այդ երկրում ծավալած գործունեության հետ:

«Նման փաստաթղթերը հանդիսանում են ազգի հիշողությունը եւ մենք Բուլղարիայի բոլոր օրենքներին համաձայն Հայաստանին ենք փոխանցել այդ բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները: Ուզում եմ հատուկ ընդգծել այդ գործում Հայաստանի մշակույթի նախարարության կողմից մեզ ցուցաբերած մեծ աջակցությունը », – հայտարարեց Հայաստանում Բուլղարիայի դեսպանը:

Իր հերթին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասերյանը շնորհակալություն հայտնեց բուլղարական կողմին կատարված աշխատանքի համար եւ հայտարարեց, որ երկու երկրների արխիվներում նոր փաստաթղթերի որոնման ուղղությամբ համագործակցությունը շարունակվելու է: «Նախատեսվում է, որ 2010թ.-ը Բուլղարիայում հայտարարվելու է Հայաստանի տարի, որի շրջանակներում բուլղարական քաղաքներում ցուցադրվելու են «Մատենադարան» ձեռագրերի ինստիտուտի նյութերը, որոնք վերաբերում են պրոտոբուլղարներին», – հաղորդեց Սերգեյ Մանասերյանը:

Կրկնօրինակների հանձման արարողությունից հետո Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ Ազգային արխիվին փոխանցված փաստաթղթերը հիմնականում ներկայացնում են 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմի տարիների Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի գործունեությունը: Ամատունի Վիրաբյանը նշեց , որ հայկական կոմին հետաքրքրում են նաեւ բուլղարական արխիվներում պահվող Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը: