Հոկտեմբերի 2-ին` Փարիզում` Եվրոպայի հայաշատ գաղթջախների հայկական կազմակերպությունների ու կառույցների շուրջ հարյուր ներկայացուցիչների հետ հանդիպմամբ մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը:
Մինչ այդ` հոկտեմբերի 2-ի առավոտյան, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Մեծանուն երգահանը բարձր է գնահատել Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումների համատեքստում լսելու համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքներն ու մոտեցումները, փարատելու առկա մտահոգություններ, մտքեր փոխանակելու գործընթացի հաջորդ փուլերում աշխարհասփյուռ հայության ու նրա տարբեր հատվածների անելիքների վերաբերալ:
Կեսօրին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի Կանադայի հրապարակում ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, զրուցել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների մասին իրենց մտահոգությունները արտահայտելու համար բողոքի ցույց կազմակերպած մեր հայրենակիցների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը երեկոյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզ ժամանած եվրոպական տարբեր հայաշատ համայնքների կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով: Իր ելույթում Նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հայաստանյան ու սփյուռքահայ շրջանակներում այս ընթացքում շրջանառված հիմնական տեսակետներին ու արտահայտված մտահոգություններին:
Նշելով, որ նման ձեւաչափով հանդիպումն ինքնին նոր երեւույթ է` լսելու մեր աշխարհասփյուռ ժողովրդի տարբեր հատվածների կարծիքն ու մոտեցումները քննարկվող համազգային նշանակության թեմաների շուրջ, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում, հարյուր հազարավոր եվրոպահայերի զորության խորհուրդն ունի, եւ դա ես արձանագրում եմ անթաքույց հպարտությամբ: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում, մշտապես եղել եւ մնում է Հայաստանի կողքին: Եվ կմնա, քանզի դարեր շարունակ Հայաստանը եղել է հայության երազանքների հանգրվանը: Այսօր էլ մենք միասին ենք, այս անգամ որոշումների կայացման հարցում խորհրդակցելու, կարեւոր ճանապարհից առաջ աշխատանքի բաժանում կատարելու համար»:
Նշելով, որ ինքն էլ մեկն է մեր հարյուր հազարավոր այն հայրենակիցներից, ովքեր ամեն օր արթնանում են հայացքն Արարատին ուղղած կամ ակամա ընդվզում որեւէ համատեքստում 1915 թիվը լսելիս, Նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպահայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է բաց երկխոսության հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու դրա հեռանկարների շուրջ: «Ուզում եմ լսել աշխարհասփյուռ հայերի մտահոգությունները, որովհետեւ այսօրինակ ցավոտ հարցում այդպիսիք չլինել չեն կարող, ուզում եմ մտովի համադրել դրանք իմ սեփական մտահոգությունների հետ, ստուգել` արդյո՞ք կան կողմեր, որ հաշվի չեն առնվել կամ բաց են մնացել, արդյո՞ք կան հարցեր, որոնց լուծման համար հնարավորությունների ստեղծման փոխարեն հնարավոր է անզգուշաբար դռներ փակենք այս փուլում»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս բացառել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում որեւէ նախապայմանի հնարավորությունը եւ ընդգծել, որ բանակցություններն ընթացել եւ ընթանում են բացառապես այդ տրամաբանությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:





