Նոյեմբերի 16-17-ին Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» շրջանակներում տեղի կունենա քաղաքացիական հասարակությունների համագործակցության առաջին համաժողովը: Այդ մասին հաղորդել է եվրոպական հարեւանության քաղաքականության գծով վարչության ադմինիստրատոր Ջովաննի Կրեմոնինին:
Նրա խոսքերով, Եվրամիության համար չափազանց կարեւոր է համագործակցությունը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ մասնակից երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջեւ: «Մենք ստեղծել ենք քաղաքացիական հասարակությունների հատուկ համաժողով. Քաղաքացիական հասարակությունն իր առանձնահատուկ տեղը կզբաղեցնի «Արեւելյան գործընկերություն» ծրագրում»,-ասել է Կրեմոնինին, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը լեհ-շվեդական նախաձեռնություն է հարեւանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է ԵՄ-ի հարաբերությունների բարելավմանը հետխորհրդային երկրների հետ:
Ծրագիրը հաստատվել է մարտի 20-ին ԵՄ նիստում: «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել մայիսի 7-ին: «Արեւելյան գործընկերությունը» միավորում է ԵՄ վեց հարեւան երկրների` Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային ու Բելառուսին: Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին շուրջ 600 մլն եվրո կհատկացնի 2009-2013թթ.:





