AM
12 Հունվար 2010 - 14:10 AMT

Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապում ղարաբաղյան հակամարտության հետ

Ռուսաստանը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, բայց Մոսկվայի ամենալավ հարաբերությունները Երեւանի հետ են: Երկու երկրներն էլ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, դա յուրահատուկ կարգավիճակ է կողմերի միջեւ, քանի որ Հարավային Կովկասի ոչ մի այլ երկիր ՀԱՊԿ անդամ չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների առաջիկա հանդիպմանը Մոսկվայում եւ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Երեւանում` Ստանեւսկին ասաց. «Նման հանդիպումների ժամանակ խոսակցությունները հիմնականում գաղտնի կերպով են ընթանում եւ մենք իմանում ենք այն, ինչ հանդիպման մասնակիցները կցանկանան հայտնել»,- նշեց Ստանեւսկին` ավելացնելով, որ, ամենայն հավանականությամբ, Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում տարածաշրջանի հետ կապված հարցերը կքննարկվեն, քանի որ Անկարան հետաքրքրված է Հարավային Կովկասի խնդիրներով:

Ընդ որում, նա մեկնաբանեց նաեւ Ռուսաստանին ուղղված թուրքական կողմից խնդրանքը` ավելի ակտիվ լինել ԼԵռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` ասելով, որ այդ հարցում Մոսկվայի հանդեպ Անկարայի հետաքրքրությունը միանգամայն նորմալ է, քանի որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Նա նկատեց նաեւ, որ ի տարբերություն Թուրքիայի Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապում ղարաբաղյան հակամարտության հետ: