AM
30 Հուլիս 2003 - 00:00 AMT

ԹՈւՐՔԵՐԸ ՆԱՎԹ ԵՆ ՓՆՏՐՈւՄ ՀԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐՈւՄ

Միջազգային հանրությունը Թուրքիայի սահմաններ է ճանաչում Մուսթաֆա Քեմալի հայտարարածը: Տարածքային պահանջներ ներկայացնելու բավականին հիմքեր ունեցող Երեւանն այսօր կասկածի տակ չի առնում Արեւմտյան Հայաստանի շրջանների պատկանելիությունը Թուրքիային: Սակայն դա դեռեւս չի նշանակում, որ իրավական պահանջներից պետք է հրաժարվեն նաեւ Ցեղասպանության զոհերի ժառանգները, որոնց սեփականությունն էին այն տարածքները, որտեղ այսօր թուրքերը նավթ են փնտրում: Թուրքերը պատրաստվում են հորեր փորել, երկաթուղային ճանապարհներ, նավթատարներ անցկացնել իրենց չպատկանող հողերի վրա: Եվ սա այնքան էլ դժվար չէ ապացուցել: Այս հարցի իրավական լուծման ճանապարհը նախանշել է Ցեղասպանության զոհի հետնորդ Գեւորգ Քաջարյանը: Երկու տարի առաջ նա դիմել է հայկական Կիլիկիայի Ադանա քաղաքի դատարան պահանջով վերադարձնել իր պապին պատկանող գույքը: Քաջարյանների ընտանիքի սեփականությունը համարվող հողերի վրա անօրինաբար կառուցվել էր ցեմենտի գործարան: Հողատերի թոռը դատարանին իր պահանջների հիմնավորման ապացույց էր ներկայացրել նոտարիուսի կողմից պաշտոնապես հաստատված վճարման կտրոնը, որը տրված էր թուրքական «Զարիաթ Բանկի» բաժիններից մեկի կողմից:

Թուրքերի յուրացրած հողերն ունեն իրենց օրինական տերերը: Սա ապացուցելու գործին է կոչված Դաշնակցության նախաձեռնությամբ Բեյրութում ստեղծված տվյալների հատուկ բանկը: Այստեղ ամբողջ աշխարհից հավաքվում եւ արխիվացվում են օսմանյան շրջանի այն բոլոր փաստաթղթերի պատճեները, որոնք հաստատում են Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող հողային տարածքների եւ անշարժ գույքի փաստը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս արխիվում կան փաստաթղթեր, որ կապացուցեն հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում սկսված նավթի փնտրման աշխատանքների անօրինականությունը: Ամեն դեպքում, Արփաչայի ձախ ափում բնակվող հայերի բոլոր հետնորդներին արժի իրենց նախնիների արխիվները վերանայել: