AM
31 Հուլիս 2003 - 00:00 AMT

ԲԱՔՎՈւՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՎՈւՈՒԱՄ-Ի ՓԼՈւԶՄԱՄԲ

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարություններ է արել նաեւ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Վորոնինը: Նկատենք, որ ՎՈւՈՒԱՄ-ի փլուզման հեռանկարների հանդեպ Կիշինեվի դիրքորոշումն առավել հստակեցվեց այն բանից հետո, երբ Մոլդովայի մայրաքաղաք այցելեց Ռուսաստանի պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը, որը հայտարարեց, որ «այդ կազմակերպության անդամ երկրներից եւ ոչ մեկը դրան անդամակցելուց ոչ մի իրական արդյունք չի ստացել»: Ինչ վերաբերում է ՎՈւՈՒԱՄ-ի անդամ մեկ այլ պետության` Ուզբեկստանին, ապա պաշտոնական Տաշքենդը դեռեւս անցյալ տարվա ամռանը փաստացիորեն դադարեցրել էր իր անդամությունը: Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Կոմիլովը հայտարարել էր, որ Տաշքենդին հետաքրքրում են այդ կազմակերպության տնտեսական հեռանկարները, սակայն «մինչ տնտեսական ծրագրերի իրականացումը, անհրաժեշտ է լուծել միջպետական բնույթի խնդիրներ»:

Այսպիսով, կազմակերպության անվանումից արդեն շատ շուտով կարող էդուրս գալ նվազագույնը երկու տառ: Ընդ որում, Բաքվում անհանգստանում են նաեւ, որ ՎՈւՈՒԱՄ-ը կարող է լքել Վրաստանը: «ՎՈւՈՒԱՄ-ից Վրաստանի դուրս գալը բավականին լուրջ վտանգ կարող է լինել այդ կազմակերպության ապագայի համար»,- գրում է Բաքվում հրատարակվող «Էխո» թերթը: Պարբերականը անհանգստացած է, որ Թբիլիսին կարող է տեղի տալ Մոսկվայի ճնշումներին եւ նախընտրի անդամագրվել Եվրասիական տնտեսական հանրությանը (ԵվրԱսՏՀ): Բաքվում, ավելի քան որեւէ երկրի մայրաքաղաքում, սրտացավ են կազմակերպության ճակատագրի հանդեպ: «ՎՈւՈՒԱՄ-ի գործունեությունը համընկնում է մեր շահերին», – «525-րդ թերթին» տրված հարցազրույցում հաստատել է Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Խիկմեթ Գաջիզադեն: Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «կազմակերպությունն այնքան էլ արդյունավետ չգործեց, այդ թվում եւ տնտեսական ոլորտում»: Հատկանշական է, որ քաղաքական գործիչը նկատում է, որ «կազմակերպությունը ստեղծվել էր Ռուսաստանին վախեցնելու նպատակով», սակայն իր առջեւ դրված խնդրին կազմակերպությունը չի ծառայում: Ի դեպ ՎՈւՈՒԱՄ-ի հիմնադիր-պետություններից ոչ բոլորն են կիսում Բաքվի տեսանկյունը: Այս հանգամանքն էլ պակաս ազդեցություն չի ունենում կազմակերպության ճգնաժամի խորացման վրա: Սրա հետ համաձայն են նաեւ որոշ ադրբեջանական քաղաքագետներ: Օրինակ, Քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների Կենտրոնի ղեկավար Մուբարիզ Գուրբանօղլին վերջերս հայտարարել է, որ «կազմակերպության անդամ-երկրների շահերը տարանջատվում են, եւ նույնիսկ նրանց ռազմավարական դիրքորոշումները չեն համընկնում»: Այսպիսով, ամեն ինչ վկայում է այն մասին, որ անհեռանկարային կառույցի վերջնական փլուզումը սարերի ետեւում չէ: