AM
18 Սեպտեմբեր 2003 - 00:00 AMT

ՌԲԸ «ՄԷՀ»-Ը ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴՈւՐՍ ԳԱԼ ՎՐԱՑԱԿԱՆ ՇՈւԿԱՆ

Որպես սեփականություն պարտքի դիմաց ատոմակայանի տրամադրման տարբերակը չի քննարկվել: Բանն այն է, որ Մոսկվան, միջուկային տեխնոլոգիաների չտարածման պայմանագրի մասնակիցը լինելով, իրավունք չունի իր տարածքից դուրս գտնվող ատոմային կայանի սեփականատերը լինել: Հայաստանն էլ իրավունք չունի իր տարածքոմ գտնվող կայանը որեւէ մեկին զիջել կամ վաճառել: Այդ իսկ պատճառով ընտրվել է ֆինանսական հոսքի համատեղ ղեկավարման տարբերակը: Հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի համանախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` «Ի դեմս Ռուսաստանի Հայաստանը գտել է մի գործընկերոջ, որը կվճարի միջուկային վառելիքի առաքման դիմաց եւ փոխարենը կստանա որոշ առավելություններ»: Այսպիսով, բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր է մնում Հայաստանի կառավարությունը, որին միջնորդ ընկերությունը հաստատման համար պետք է ամեն տարի ներկայացնի իր աշխատանքային պլանը: Գործարքի կողմերը հավանական են համարում, որ հինգամյա ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը կերկարաձգվի:

Չնայած կայանի ռեսուրսները կծախսվեն միայն 13 տարի հետո, Եվրախորհուրդը պնդում է այն փակել անմիջապես, քանի որ ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով: Ժամանակին Հայաստանը պարտավորվել էր ատոմակայանը փակել մինչեւ 2004թ.-ը այն դեպքում, եթե մինչ այդ հաջողվեր այլընտրանքային կայան ապահովել: Եվրոպական խորհուրդն իր հերթին պարտավորվել էր օգնել այդ նպատակի համար ռեսուրսներ տրամադրելով: (Հայտնի է, որ նոր ատոմակայանի կառուցման համար կպահանջվի շուրջ մեկուկես միլիարդ դոլար եւ գրեթե նույնչափ գումար էլ անհրաժեշտ է գործող ատոմակայանի փակման աշխատանքների համար): Չնայած Հայաստանը զգուշորեն է մոտենում իր պարտավորություններին, սակայն ատոմային էլեկտրակայանի փակման եւ նորի կառուցման ֆինանսավորման հարցերը դեռեւս լուծված չեն: Հետեւաբար, Երեւանն իրավունք կունենա կայանի փակումը հետաձգել մինչեւ 2008թ.-ը: Սակայն սա նույնպես վերջնաժամկետը չէ: Ամենայն հավանականության, ատոմակայանը կսպառի իր ողջ ռեսուրսները, այսինքն` կշարունակի գործել մինչեւ 2016թ.-ը: Նկատենք, որ Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ պետություններում այժմ գործում են տասնյակ կայաններ, որոնք նույնպես կառուցված են եղել հայկական ատոմակայանի նախագծով, եւ այդ փաստը Եվրախորհրդում լուրջ առարկությունների առիթ չի տալիս: Երեւանում գտնում են, որ ատոմակայանի շահագործման մեջ Ռուսաստանի ներգրավմամբ թույլ կտա օգտագործել Մոսկվայի հնարավորությունները կարգավորելու ատոմակայանի փակման ժամկետների հարցում եղած հակասությունները:

ՌԲԸ «ՄԷՀ»-ը ղեկավարում է նաեւ Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանը եւ Հրազդանի ՋԷԿ-ը: Հայկական էլեկտրակայանների հզորությունները հնարավորություն կտան Հայաստանի պահանջարկը գերազանցող ծավալներ ապահովել: Հայկական էլեկտրաէներգիայի իրացման խնդիրները կլուծվեն ռուս մոնոպոլիստի գրաված վրացական շուկայում: «Մենք մտադրված ենք բավականին լուրջ ներդրումներ իրականացնել Հայաստանի էներգետիկ համակարգում, որպեսզի այնտեղից էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովենք դեպի Վրաստան»,- համաձայանգրի ստորագրումից առաջ հայտարարել է Անատոլի Չուբայսը: Նա հաստատել է, որ ՌԲԸ «ՄԷՀ»-ը մտադիր է իր ձեռքը վերցնել վրացական խոշոր էներգետիկ ձեռնարկությունները, մասնավորպես` այդ երկրի բաշխիչ ցանցերը:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Վրաստանի Մառնաուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչները փակել էին Երեւանը եւ Թբիլիսին միացնող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները` իշխանություններից պահանջելով թույլատրել էլեկտրաէներգիա գնել Հայաստանից: Առաջնորդվելով որոշակի քաղաքական դիրքորոշումից` պաշտոնական Թբիլիսին դեռեւս չի շտապում օգնություն խնդրել հայ էներգետիկներից: ՌԲԸ «ՄԷՀ»-ի պլանների իրականացումը թույլ կտա հայկական էլեկտրաէներգիան արտահանել վրացական շուկա: Հետագա հեռանկարները չեն բացառում հայկական էլեկտրաէներգիան վաճառել Թուրքիայում եւ Ադրբեջանում: