«Այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված չգրված էթիկական նորմերի տեսանկյունից խայտառակություն է»,- օրերս հայտարարել է Սերգեյ Կովալյովը: Իրավապաշտպանի համոզմամբ, Ռուսաստանը եւս պետք է պարտավորություն կրի այն բանի համար, որ հարեւան երկրում հաստատվել է իշխանության տոտալիտար համակարգ: «Ադրբեջանում ժողովրդավարական իրադրության մեջ մեղավոր է նաեւ Մոսկվան, որը Հեյդար Ալիեւի իշխանավարության ընթացքում նրան բարոյական աջակցություն էր ցուցաբերում»,- կարծում է Ռուսաստանի խորհրդարանում «Աջ ուժերի միություն» ֆրակցիայի ներկայացուցիչը: Կովալյովի համոզմամբ, իշխանության բռնապետության առջեւ աչքերը փակելով` Մոսկվան նպաստել է, որ Ադրբեջանում հաստատվի «ժառանգական ավանդույթներով բռնապետություն»:
Սակայն Ադրբեջանի հանդեպ անսկզբունքայնություն են ցուցաբերում ոչ միայն Ռուսաստանում: Սերգեյ Կովալյովը պնդում է, որ այդ հարցում բավարար հետեւողականություն չի դրսեւորել նաեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը: Այդ կառույցի ղեկավարները չպնդեցին, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի օրակարգ մտնի ընտրական քարոզարշավի անցկացման վերաբերյալ հարցը: «Ադրբեջանի նախընտրական իրադրությունն այնպիսին է, որ անհրաժեշտ է այն քննարկել Եվրոպայի Խորհրդի արտահերթ նիստում, ասում է Կովալյովը,- Փոխարենը ԵԽԽՎ-ն որոշում է կայացնում քննարկումը հետաձգել նախագահական ընտրություններից հետո»: Այնինչ, իրավապաշտպանի համոզմամբ, անթույլատրելի է այդ հարցում որեւէ զիջումների գնալ, քանի որ իշխանաության բռնապետերն առավել լկտիանում են: «Այն հարցերում, որտեղ անհրաժեշտ է խստություն դրսեւորել, Եվրոպայի Խորհուրդը եւ եվրոպական այլ կազմակերպություններ գնում են փոխզիջման: Մենք ականատեսն ենք դառնում քաղաքական շահերի առաջնայնությանը կամ քաղաքական նպատակահարմարությանը, որը լրջագույն ետընթաց է Եվրոպայի Խորհրդի հիմնական սկզբունքներից»,- նշում է Սերգեյ Կովալյովը:
Եվրոպական արժեքներին կողմնակցություն հայտնած Ադրբեջանն իրականում, Կովալյովի համոզմամբ, իշխանության ավտորիտար համակարգով երկիր է: «Եթե երկրում միապետություն է, պետք է այդ մասին պաշտոնապես հայտարարել»,- ասում է նա` Բաքվի իշախանավորներին կոչ անելով դադարեցնել համաշխարհային հանրության աչքերը փակելը: «Իրավական տեսանկյունից Ադրբեջանում անթույլատրելի իրադրություն է: Եթե նախագահը ի վիճակի է ղեկավարելու, ապա ինչո՞ւ չի ղեկավարում երկիրը: Եթե ի վիճակի չէ, ապա ինչո՞ւ իր լիազորությունները չի փոխանցում մեկ ուրիշին: Փոխարենը, իր որդուն նա նշանակում է վարչապետ, այնուհետեւ` իշխանութան ժառանգորդ: Ժողովրդավարական երկրում նման բան չի կատարվում»- եզրահանգում է Սերգեյ Կովալյովը: Դժվար է նրա հետ չհամաձայնել..





