AM
29 Հոկտեմբեր 2003 - 00:00 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈւՄ ԵՆ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՑ

«Ղարաբաղի ազատագրողների կազմակերպություն» ադրբեջանական արմատական խմբավորումը մտադիր է պիկետի դուրս գալ «Hyatt Regency» հյուրանոցի առջեւ, որտեղ կտեղ տեղավորվելու են հայկական պատվիրակության անդամները: Կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին իշխանություններից պահանջում է խոչընդոտել հայերի այցին եւ սպառնում է, որ հայերի այցելության դեպքում լուրջ տհաճություններ է երաշխավորում: Առայժմ հայտնի չէ, թե ինչ անակնկալներ է նա պատրաստել այս անգամ: Նա նախապես զգուշացնում է, որ ինչ էլ պատահի «իրադարձությունների համար պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»: «Անկախ այն բանից` պիկետը կթույլատրվի, թե` ոչ, մենք մտադիր չենք նահանջել: Թող մեզ ձերբակալեն, մենք ոչնչից չենք վախենում»,- հայտարարել է ձախորդ-կռվարարը:

Սակայն պրովոկատորին, կարծես թե, ոչ ոք չի պատրաստվում ձերբակալել: Համենայն դեպս, Ակիֆ Նաղղիի կազմակերպած նախկին ակցիաներին լավագույն դեպքում իշխանությունները չեն արձանագրել, վատագույն դեպքում` խրոախուսել են: «Ղարաբաղի ազատագրողներին» ներվել էր նույնիսկ բռնություններով զուգորդվող գործողությունները: Նաղին չի սահմանափակվում հայկական ծագում ունեցող անձանց մուտքն Ադրբեջան արգելող օրենք ընդունելու պահանջով: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Բաքվում ընթացավ ԱՊՀ երկրների երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների համաժողովը, կազմակերպության ղեկավարը հայտարարեց, որ համաժողովի երեւանյան մանսակիցը վերջին հայը կլինի, որ ոտք կդնի ադրբեջանական հողի վրա, քանի որ «Ադրբեջան այցելած հայերին կքարկոծեն»: Հենց այդ սպառնալիքն էր նա ուղղել ղարաբաղյան թոշակառու, «ազգային դիվանագետ» Սերգեյ Մարտիրոսյանին, որը պատրաստվում էր Բաքու այցելել խաղաղության առաքելությամբ:

Ակիֆ Նաղիի խոստումները, ինչպես պարզվեց, այնքան էլ հեռու չէին իրականությունից: Նախանցյալ տարվա ամռանը Բաքվում ընթացող միջազգային իրավապաշտպան համաժողովին մասնակից ղարաբաղյան պատվիրակությունը պաշտպանող ադրբեջանական հատուկ ծառայությունները բոլոր պայմանները ստեղծեցին, որպեսզի իրականանա նախօրոք պլանավորած սցենարը: Արդյունքում հարձակում գործադրվեց «Հելսինկյան ասոցիացիայի» ղարաբաղյան կոմիտեի ղեկավար Կարեն Աղաջանյանի վրա: Ինչպես եւ սպասվում էր, հարձակվողը, որին ոստիկանները թույլատրեցին ծեծել ղարաբաղյան իրավապաշտպանին, ձերբակալումից անմիջապես հետո ազատ արձակվեց: Բաքվի մամուլը հանցագործին դարձրեց հերոս:

«Մահ հայերին» կարգախոսներով Բաքվի բազեներն անցյալ տարի դիմավորեցին բնապահպանական խնդիրներին նվիրված գիտաժողովի մասնակից հայերին: Միջազգային համաժողովի կազմակերպիչների պահանջով պիկետի առավել ակտիվ մասնակիցները ձերբակալվեցին, սակայն ընդամենը մի քանի ժամից ազատ արձակվեցին: Նրանցից եւ ոչ մեկի հանդեպ մեղադրանք չհարուցվեց: Երկու օր հետո նույն անձինք եկան նույն վայրը առավել ագրեսիվ պահանջներով: Սակայն դատարանը կրկին նրանց պատասխանատվության չենթարկեց: Երկու շաբաթ անց Ակիֆ Նաղին, կրկին անպատիժ, բողոքի ակցիա կազմակերպեց ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների: Միաժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները լիովին այլ հյուրընկալության են արժանանում Երեւանում: Վերջերս Հայաստանի մայրաքաղ էր այցելել ՏՐԱՍԵԿԱ-ի ադրբեջանական քարտուղարը, որը շատ գոհ էր հյուրընկալությունից, չնայած Երեւանում նրա պահվածքը շատ հեռու էր բարեկամական լինելուց: Անցյալ տարի Հայաստան էր այցելել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալը, որը ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ անցկացրած համաժողովի ընթացքում չէր հանդիպել իր ազգային արժանապատվությունը վիրավորող որեւէ վերաբերմունքի: Մեկ տարի առաջ Երեւանում էր նաեւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսաբովը, որը մասնակցում էր ԱՊՀ երկրների իրավապաշտպան մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: «Ադրբեջանական պատվիրակությունը բարձր մակարդակի ընդունելության արժանացավ»,- հայտարարել էր նա: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները հոգացել էին, որ աշխատանքի եւ հանգստի համար բոլոր պայմանները ստեղծվեին: Առողջապահության նախարար Ալի Ինսանովը, ի դեպ` Հայաստանից հեռացած, չափազանց գոհ էր մնացել Երեւանում նրա հանդեպ ցուցաբերած ուշադրությունից: «Օդանավակայանում ինձ, ինչպես նաեւ համաժողովի բոլոր մասնակիցներին դիմավորեցին աղուհացով»,- պատմում էր նա,- հայերը մշտապես բարեկամական վերաբերմունք էին դրսեւորում: Եւ ընդհանրապես, Երեւանում ես շատ ապահով եւ հանգիստ էի զգում: Դուր եկավ, որ հայերն ինձ հետ հաղթողի դիրքերից չէին խոսում: Էջմիածնում ինձ հետ զրուցելիս հարգանքով էին խոսում իսլամի մասին եւ մեջբերում էին Ղուրանը»:

Վերընշված փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ չի էլ փորձում երաշխիքներ ապահովել հայկական պատվիրակության անվտանգության համար: Այս երկրի իշխանությունը չի գնահատում Հայաստանի ղեկավարների բարի կամքը, որոնք չեն օգտվում Բաքվում միջազգային համաժողովներ եւ սիմպոզիումներ անցկացնելու հարցում վետոյի իրավունքից: Իշխանություններից խրախուսվող որոշակի ուժերի ստեղծած թշնամական մթնոլորտը նկատում են նաեւ միջազգային կազմակերպությունները, որոնք արդեն սկսում են մտածել Ադրբեջանի մայրաքաղաքում միջազգային համաժողովներ անցկացնելու նպատակահարմարության մասին: «Ղարաբաղի ազատագրողների» հյուրընկալության ձեւը կարող է դառնալ համբերության վերջին կաթիլը: