AM
4 Դեկտեմբեր 2003 - 00:00 AMT

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ

Կես տարի առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Հայերի համաշխարհային միության ղեկավար Արա Աբրահամյանը, գտնվելով Երեւանում, հայտարարեց, որ իրենց առջեւ խնդիր են դրել Պետական դումա անցկացնել հայկական համայնքի նվազագույնը հինգ ներկայացուցիչ: Նշենք, որ խոսքը ոչ միայն հայկական ծագումով անձանց մասին է, այլ` հենց համայնքի ներկայացուցիչների: Իսկ դա արդեն բավականին բարդ խնդիր է, քանի որ կուսակցությունները եւ խմբավորումները, իրենց ցուցակները կազմելիս ազգային գործոնը հաշվի են առնում վերջում: Մինչ օրս հայերը չեն կարողացել հասնել նրան, որ կուսակցությունները հայերին ընգրկեն իրենց ցուցակներում նրանց հայրենակիցները ձայները ստանալու համար: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանում միջին հաշվով ապրում է ավելի քան երկու միլիոն հայ, որոնցից շուրջ մեկ միլիոնը ձայնի իրավունք ունի: Այս իմաստով ռուսահայերը դեռ շատ բան ունեն սովորելու իրենց ամերիկյան համերկրացիներից, որոնք առավել համեստ մարդկային ներուժ ունենալով` անհամեմատ մեծ արդյունք են ստանում գրագետ լոբբիի շնորհիվ:

Այնուհանդերձ, պետդումայի պատգամավորների հայկական ազգանուն ունեցող թեկնածուների շարքում կան անձինք, ում համար միեւնույն չեն Հայաստանի եւ հայերի շահերը: Հենց նրանց վրա են հույս դնում Ռուսաստանի հայերի միության առաջնորդներրը: Այդ անձանցից ոմանք մանդաթներ ձեռք բերելու իրական հնարավորություններ ունեն: Նրանցից են, առաջին հերթին, խորհրդարանի ներքին պալատի ներկայիս փոխխոսնակ, Խորհրդային միության հերոս, բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը, որն առաջադրվել է «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունից: Նա Սանկտ-Պետերբուրգի տարածքային ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը: Քանի որ «Միասնական Ռուսաստանը» ընտրողի մոտ ասոցիացվում է նախագահի անձի հետ, կարելի է չկասկածել, որ Չիլինգարովին կհաջողվի մանդաթը թարմացնել եւս մեկ ժամկետով: Մի փոքր ավելի քիչ համոզվածությամբ նույնը կարելի է ասել նաեւ Ստեփան Շորշորովի մասին, որը «Միասնական Ռուսաստան» կուսակցության Կենտրոնական քաղաքական խորհրդի անդամ է: Այժմ նա պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է: Իշխող կուսակցության առաջնորդները Շորշորովին հատկացրել են «Ռոստովյան» խմբավորման ցուցակի հինգերորդ տեղը: Երեւանյան նախկին լրագրող, այժմ աշխատավորների ինքնակառավարման ռուսական կուսակցության ղեկավար Լեւոն Չախմախչյանն ընտրություններին գնում է «Ռուսաստանի վերածնունդ կուսակցություն եւ Կյանք ռուսական կուսակցության» ընտրական դաշինքի դրոշի ներքո: Այս իշխանամետ դաշինքն առաջնորդում են խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ Գենադի Սելեզնովը եւ Սերգեյ Միրոնովը: Հինգտոկոսանոց արգելքը հաղթահարելու դեպքում, Չախմախչյանը հնարավորություն կունենա դրսեւորել իրեն որպես օրենսդիր եւ ապացուցել իր հավատարմությունը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ` Հայաստանի հանդեպ: Կենտրոնական ցուցակում նա զբաղեցնում է 16-րդ տեղը` ոչ այնքան հեղինակավոր, բայց եւ անցողիկ: Դաշինքում ընդգրկված Չախմախչյանի գործընկեր Սերգեյ Մաղդեսյանն ավելի քիչ շանսեր ունի, քանի որ նա զբաղեցնում է Կենտրոնական խմբի տարածքային ցուցակի 8-րդ տեղը: Վատ հեռանկարներ չունեն Ռուբեն Բադալովը եւ Սերգեյ Խաչատրյանը: Նրանք երկուսն էլ Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած լիբերալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստներն են: Ռուբեն Բադալովը գլխավորում է Ռոստովի շրջանի տարածքային ցուցակը, իսկ Սերգեյ Խաչատրյանը` «Հարավային Սիբիրի» ցուցակը: Սակայն կասկածներ կան, որ կուսակցության վարած քաղաքականությունը կստիպի նրանց մի կողմ դնել հայկական շահերը, որոնք այնքան էլ հավանության չեն արժանանում Ժիրինովսկու կողմից: Տեսականորեն շանսեր ունեն նաեւ կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված երկու հայեր: Պետդումայի պատգամավորի օգնական 31-ամյա Արմեն Բանիամինովը կուսակցության «Արեւմտյան» թեւի ցուցակի 9-րդ տեղում է, իսկ թոշակառու Սիմոն Բաղդասարովը` ուրալյան խմբի 3-րդ տեղում է: Դժվար է հավատալ «Հայրենիք» ազգային-հայրենասիրական միավորման դրոշի ներքո գնացող մեր հայրենակիցների հաղթանակին: Ռոստովցի Ռուբեն Բադալովը եւ Բարնաուլի բնակիչ Սերգեյ Խաչատրյանը ղեկավարում են կուսակցության համապատասխան տարածքային ցուցակները: Խորհրդարանում հայտնվելու քիչ շանսեր ունի Իգոր Խանկոեւը, որը ժողովրդական կուսակցության Կուբանի ցուցակի առաջին տեղում է:

Ինչ վերաբերում է մեծամասնական կարգին, ապա հայերն առավել ակտիվ են Կրասնոդարի երկրամասում: Երեք կուբանահայ է պայքարում պատգամավորական մանդաթի համար` Պետդումայի տնտեսական քաղաքականության եւ ձեռնարակատիրության կոմիտեի ապարատի խորհրդական Մամիկոն Հայրապետյանը, Կրասնոդարի երկրամասի օրենսդրական խորհրդի պատգամավոր Բորիս Անուշավանի Կասակովը եւ Նովոչերկասի էլեկտրաշինարարական գործարանի գլխավոր տնօրեն Իլյա Քոչյանը: Իսկ Սոչիի ձեռներեց Հմայակ Ուստյանը որոշել է իր քաղաքական կարիերան սկսել Կրասնոդարի երկրամասի օրենսդիր մարմնում: Նա իր ուժերը կփորձի երկրամասային խորհրդարանի կրկնակի ընտրությոններում, որոնք կկայանան Պետդումայի ընտրությունների հետ միաժամանակ: Եւս 11 մեր հայրենակիցներ մտադիր են պայքարել Կուբանի շրջանի Բելորեչենսկի քաղաքային խորհրդում տեղ գրավելու համար, որտեղ հայկական համայնքը քիչ ազդեցություն չունի:

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու` ռուսահայերի փորձերն այնքան էլ հաջող չեն: Հայկական համայնքին չհաջողվեց հստակորեն արտահայտել իրենց առաջնայնությունները եւ ռուսական քաղաքական էլիտային ցույց տալ սեփական նշանակությունը: Պետդումայի չորրորդ գումարման ընտրությունները դժվար թե հնարավորություն տան ռուսական խորհրդարանում ձեւավորել ամուր հայկական լոբբի: Այս առումով, Ռուսաստանի հայերի միությունը դեռ շատ աշխատանք ունի անելու: