Կումունիստական կուսակցությունից առաջադրվել էին Պոտդումայի պատգամավորի օգնական, 31-ամյա Արմեն Բանաիմանովը եւ թոշակառու Սիմոն Բաղդասարովը: Վերջինս, թերեւս, մանդաթ կստանա, քանի որ ուրալյան խմբավորման տարածքային ցուցակում զբաղեցրած երրորդ տեղն անցումային կլինի: Մոտ տաս տոկոս ձայն հավաքած «Հայրենիք» ժողովրդահայրենասիրական միությունը խորհրդարան կանցկացնի երկու հայ: Ռոստովցի Ռուբեն Բադալովը եւ Բառնաուլի բնակիչ Սերգեյ Խաչատրյանը համապատասխանաբար գլխավորում են «Դոն» եւ «Հարավային Սիբիր» խմբավորումների կուսակցական տարածքային ցուցակները: Չնայած «Հայրենիքի» խիստ ազգային կարգախոսներին, ակնհայտ է, որ դաշինքի առաջնորդներ Սերգեյ Գլազյեւը եւ Դմիտրի Ռոգոզինը բավականաչափ ուշադիր են հայկական համայնքի հանդեպ: Սա թույլ է տալիս ակնկալել, որ «Հայրենիք» դաշինքի հետ համագործակցությունը լուրջ հեռանկարներ կարող է ունենալ: Վերընտրվել է Պետդումայի նախորդ գումարման պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, որը Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած լիբերալ-դեմոկրատական կուսակցության վեցերորդ մարդն է: Անհրաժեշտ է նշել, որ հայկական համայնքի առաջնորդները նրա հետ ոչ մի հույս չեն կապում, քանի որ նախորդ ութ տարիների ընթացքում պարոն Եղիազարյանն իրեն չի դրսեւորել որպես հայերի եւ Հայստանի խնդիրներով անհանգստացած անձ: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական ցուցակով է անցել նաեւ «Պրիմիեր Ավիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Միհրան Չաղարյանը: Նրա մասին առայժմ քիչ բան է հայտնի: Ցանկություն կա հավատալու, որ նա երես չի թեքի հայկական համայնքից: Ամենայն հավանականությամբ, իր մանդաթը կթարմացնի նաեւ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության Կենտրոնական քաղաքական խորհրդի անդամ Ստեփան Շորշորովը: «Ռոստովյան» խմբի տարածքային ցուցակի հինգերորդ տեղը զբաղեցրած Շորշորովը, ինչպես նաեւ լիբերալ- դեմոկրատներից նրա գործընկերը եւ համերկրացին, մինչ այժմ բավականաչափ ակտիվ չեն եղել Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունների իրականացման գործում: Կարելի է ափսոսալ, որ հինգտոկոսանոց արգելանքը չի հաղթահարել «Ռուսաստանի վերածնունդ» կուսակցության եւ Կյանքի կուսակցության ընտրական դաշինքը, որի ցուցակում անցումային տեղ ուներ երեւանյան նախկին լրագրող, այսօր «Աշխատավորների ինքնակառավարում» ռուսական կուսակցության առաջնորդ Լեւոն Չախմախչյանը: Պետդումայի երկու պալատների ղեկավարներ Գենադի Սելեզնովի եւ Սերգեյ Միռոնովի ղեկավարած այս դաշինքի հաջողության դեպքում հնարավորություն կստեղծվեր նաեւ Սերգեյ Մաղդեսյանի համար, որին տրվել էր Կենտրոնական խմբի տարածքային ցուցակի 8-րդ տեղը: Խորհրդարանում չհաջողվեց հայտնվել նաեւ Իգոր Խանկոեւին, որը Ժողովրդական կուսակցության Կուբանի ցուցակի առաջին տեղում էր:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրություններին, ապա լիովին կանխատեսելի էր խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամ, Խորհրդային միության հերոս Արթուր Չիլինգարովի հաղթանակը: Ինչպես միշտ, նա իր թեկնածությունը դրել էր Թայմիր թերակղզում: Նշենք, որ Արթուր Չիլինգարովին հատկացված էր նաեւ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության տարածքային ցուցակի անցումային տեղերից մեկը: Սակայն նա նախընտրեց որեւէ մեկից կախման մեջ չլինել: Ավելացնենք, որ բացի հայերից, Դումայում են հայտնվել նաեւ հայամետ հայացքներ ունեցող մի քանի քաղաքական գործիչներ: Նրանցից հատկապես անհրաժեշտ է հիշատակել ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Կոնստանտին Զատուլինին:
Կես տարի առաջ Երեւանում գտնվելու ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Հայկական համաշխարհային կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանը հայտարարեց, որ խնդիր է դրվել Պետդումա անցկացնել հայկական համայնքի նվազագույնը հինգ ներկայացուցիչ: Ակնհայտ է, որ Հայերի միությունը կարողացել է հասնել նպատակին եւ խորհրդարանում ապահովել վստահելի գործընկերների ներկայությունը:





