AM
18 Դեկտեմբեր 2003 - 00:00 AMT

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՃԱՆԱՃԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բանաձեւի ընդունմանը նախորդել էր հայկական լոբբիստական խմբերի եւ շվեյցարական խորհրդարանում նրանց գործընկերների կատարած հսկայական աշխատանքը: Հատուկ պետք է նշել քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Ժան-Կլոդ Վոդրոյի եւ Դոմինիկ Բումանի անունները, որոնք բանաձեւի նախագծի համահեղինակներն են: Նրանց ջանքերի շնորհիվ բանաձեւը երեք անգամ ներառվել է խորհրդարանի օրակարգում: Երկու անգամ բանաձեւը մերժվել է: 2001թ.-ի մարտին փաստաթղթի ընդունման համար չբավարարեց ընդամենը երեք ձայն, իսկ 2002-ի սեպտեմբերին հարցը քննարկումից հանվեց, չնայած այն հանգամաքին, որ նախորդ օրը բանաձեւի նախագծին կողմ էին արտահայտվել Ազգային ժողովի 200 անդամներից 115-ը: Անցած տարիների ընթացքում հայկական լոբբիստներին հաջողվեց մեղմել գործադիր իշխանության հակազդությունները: Երկու տարի առաջ Շվեյցարիայի կառավարությունը սկզբունքորեն դեմ էր բանաձեւի ընդունմանը: Մեկ տարի առաջ պաշտոնական Բեռնի դիրքորոշումը նվազ կոշտ էր: Այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Դեյսը ցեղասպանության մասին բանաձեւի երկրորդ քննարկումից առաջ հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչման աննպատակահարմարության օգտին շվեյցարական ԱԳՆ-ի գլխավոր փաստարկն այն է, որ, իբրեւ թե, բանաձեւի ընդունումը կարող է «բացասաբար ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա»: Խորհրդարանականները ճիշտ հակառակ տեսակետը հայտնեցին: Փաստաթղթում նշվում է, որ ցեղասպանության ճանաչմամբ Ազգային ժողովը հույս ունի, որ «կաջակցի հայերի եւ թուրքերի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատմանը, կնպաստի պատմական ճշմարտության ընդհանուր հասկացողության եզրեր գտնելուն, ինչպես նաեւ` կկանխի մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները»:

Նախքան «Հայկական բանաձեւի» ճանաչման հարցը դաշնային խորհրդարանի դատին հանձնելը, հայկական լոբբիի առաջնորդները փորձեցին հասնել նրան, որ նմանատիպ բովանդակության փաստաթղթեր ընդունեն շվեյցարական մարզերը, որոնք բավականաչափ ինքնուրույննություն ունեն: 2001թ.-ի դեկտեմբերին Հայերի ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչեց Ժնեւի շվեյցարական կանտոնը: Իսկ այս տարի 1915թ.-ի իրադարձությունները ցեղասպանություն որակեց Վոյի կանտոնի ղեկավարությունը: Ֆեդերալ խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ բողոքի նոտա է ներկայացրել: Անկարան զգուշացնում է, որ մոտ ժամանակներս քայլեր կձեռնարկի, որոնք Շվեյցարիայի ղեկավարությանը կստիպեն ափսոսալ այդ արարքի համար: Սա թուրքերի առաջին դեմարշը չէ: Վոյի կանտոնի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ցուցադրաբար հետաձգեց Շցեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշելին Կալմ-Ռեյի Անկարա նախապես պլանավորված այցը: Այդ վիրավորական քայլը Բեռնը անուշադրության չմատնեց: Շվեյցարական կողմի նոտայում նշվում է, որ Թուրքիայի այդ որոշումը «ծայրահեղ կդժվարացնի, եթե ոչ անհնար կդարձնի» երկու երկրների միջեւ երկխոսության շարունակումը: Այդպիսով, Անկարան գնաց հակասության խորացման, որը սկսվել էր դեռեւս 90-ականների վերջին, երբ Բեռնում Թուրքիայի դեսպանատան առաջ թուրք դիվանագետը սպանեց քրդերին ճնշելու դեմ ուղղված ցույցի մասնակիցներից մեկին: