AM
26 Փետրվար 2004 - 00:00 AMT

ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Բացառված չէ, որ բրիտանական խորհրդարանականը կհանդիպի նաեւ ԼՂՀ-ի Շուշիի շրջանում երբեմնի բնակվող ադրբեջանցիների ներկայացուցիչ Նազիմ Բահմանովի հետ: Բաքվում նրան անվանում են Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի ղեկավար»: Սակայն Բահմանովի հետ հանդիպումն ամենեւին չի նշանակում, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է պաշտոնապես ընդունել Ղարաբաղի երկու համայնքների գոյությունը: Դրա ապացույցն այն է, որ Շուշիում Թերրի Դեվիսը հանդիպել է Ադրբեջանի կողմից գրաված Ղարաբաղի հյուսիսային շրջանների` Շահումյանի եւ Գետաշենի հայ փախստականների ներկայացուցիչների հետ: Եթե Բաքվում Բահմանովի հետ օրակարգային հանդիպումը համարում են Ստրասբուրգի կողմից «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ճանաչման վկայությունը, ապա Դեվիսի զրույցը Շահումյանի փախստականների հետ նույնպես պետք է ընկալվի որպես «Ադրբեջանի հայկական համայնքի» առաջնորդների հետ կապ:

Շուշիում Դեվիսը փախստականներին խոստացել է Բաքվի իշխանավորների հետ քննարկել հաջորդ այցի ժամանակ Շահումյան մեկնելու հնարավորությունը: Սա հատկանշական է այն առումով, որ հակադրում է Բաքվի ԶԼՄ-ի հայտարարություններն այն մասին, թե Դեվիսը ցանկություն չի ունեցել այցելել անվտանգության գոտի, որը Ադրբեջանում անվանում են «գրավված տարածքներ»: Բաքվում նա նաեւ խոստացել է առաջադրել այն 700 հայերի ճակատագրի հետ կապված հարցերը, որոնք Գետաշենը եւ Շահումյանը ադրբեջանցիների կողմից գրավելու ժամանակ գերի էին վերցվել: Եղած տվյալների համաձայն, նրանցից շատերը մինչ օրս գտնվում են Աղդամի շրջանի բանտում:

Բաքվում ծայրահեղ դժգոհ են, որ Դեվիսը Լեռնային Ղարաբաղ է մեկնել Հայաստանի տարածքից: Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես չեն ողջունել նրա այցը Ստեփանակերտ: Այցի նախօրեին արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ եթե Դեվիսի համար այդքան կարեւոր է հանդիպել ղարաբաղցիների հետ, ապա նա կարող է նրանց մոտ գնալ Բաքվից, եւ կամ, ծայրահեղ դեպքում, ցանկացած չեզոք գոտուց, օրինակ` Վրաստանից: Սակայն ոչ մի դեպքում` Հայաստանից: Այնուհանդերձ Դեվիսն արհամարհեց այդ պահանջները: Ընդ որում անվտանգության հարցերն այստեղ ամենեւին կապ չունեին, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ անցել են Աղդամի շրջանի ղարաբաղյան եւ ադրբեջանական ուժերի շփման գիծը: Զեկուցողի որոշումը Ստեփանակերտ մեկնել Երեւանից անհանգստություն է առաջացրել Բաքվում: Ահա, թե այդ առիթով ինչ է գրում ադրբեջանական «Էխո» թերթը. «Եթե պաշտոնական Բաքուն իվիճակի չէր հակազդել Դեվիսի` Ղարաբաղ այցին, ապա կարիք չկար այդ մասին բարձրաձայնել: Չէ որ սկզբունքորեն սա ադրբեջանական դիվանագիտության պարտությունն է»: Թերթը հարցնում է. «Արդյո՞ք Հայաստանից Ղարաբաղ մեկնելը վկայությունը չէ այն բանի, որ, չնայած անուղղակիորեն, սակայն չի ընդունվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Թերրի Դեվիսի զեկույցն, ամենայն հավանականության, ԵԽԽՎ-ի պլենար նիստում կլսվի մինչեւ ամառվա վերջը, քանի որ աշնանը սպասվոմ են Վեհաժողովի գլխավոր քարտուղարի ընտրությունները: Դեվիսն այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներից է: Նրա հակառակորդներն են ներկայիս գլխավոր քարտուղար ավստրիացի Վալտեր Շվիմերը, որի լիազորությունների ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին, եւ էստոնուհի Քրիստինե Օժալանդը: Նախորդ ընտրություններին Դեվիսը եւ Շվիմերը կրկին հակառակորդներ էին: Շվիմերը հաղթանակեց ընդամենը 5 ձայնի առավելությամբ: Այս անգամ նա բավականին հիմքեր ունի հուսալ հնարավոր ռեվանշի մասին:

Բրիտանական խորհրդարանականի ղարաբաղյան առաքելության հաջողությունը կարող է կանխորոշել քվեարկության արդյունքը: Ենթադրվում է, որ Դեվիսի հաղթանակը պետք է որ դրականորեն ազդի ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցի հետագա քննարկումների մթնոլորտի վրա: Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա հայտնվելը Վեհաժողովին կօգնի առավել հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերում եւ թույլ կտա խուսափել ձմեռային նստաշրջանում տեղի ունեցած մի շարք թյուրիմացություններից: