AM
1 Մարտ 2004 - 00:00 AMT

ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԵՒՍ ԵՐԿՈՒ ՏԵՂ

Հայկական ազգանուններ կարելի է գտնել միայն երկու ընտրական միավորումների ցուցակներում: Իշխանության նոր կուսակցությունը` «Ժողովրդական միացյալ շարժումը» իր ցուցակում հայերի համար նախատեսել է երկու տեղ, սակայն դրանցից անցումային է միայն մեկը: Գործող խորհրդարանի Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր Մելիք Ռաիսյանը 35-րդ տեղում է: (Նոյեմբերյան ընտրություններին «Բուրջանաձե-Դեմոկրատներ» դաշինքի ցուցակում նա 29-րդ տեղում էր): Ի տարբերություն Ռաիսյանի, «Վրաստան» թերթի խմբագիր, պատգամավոր Վան Բայբուրդը չի կարող համոզված լինել, որ կպահպանի մանդաթը, քանի որ իր անունը ցուցակի երկրորդ հարյուրյակում է (110-րդ տեղում): Շարժման առաջնորդները համոզված են, որ խորհրդարան կկարողանան անցկացնել 100 մարդ: Եթե իշխող կուսակցության ներկայացուցիչներից մի քանի տասնյակը նախընտրի գործադիր իշխանության պաշտոնը, ապա Բայբուրդը շանսեր կունենա:

Ի դեպ, հատկանշական է, որ հայկական թերթի խմբագիրը ցուցակում հայտնվել է Սաակաշվիլու քվոտեով: Վերջինիս ի պատիվ կարելի է նշել, որ պատգամավորի նախկին գործունեությունը չի անդրադարձել ցուցակում նրան ընդգրկելու որոշման վրա: Բանն այն է, որ անկուսակցական Վան Բայբուրդը նախորդ ընտրություններին ակտիվորեն սատարում էր Էդուարդ Շեւարդնաձեին: Հիշեցնենք, որ նոյեմբերյան ընտրություններին «Սաակաշվիլի-Ազգային շարժում» դաշինքի ցուցակում ոչ մի հայ ընդգրկված չէր:

Անսպասելի էր, որ իշխող կուսակցության ցուցակում ներառված չէ Վրաստանի հայերի միության ղեկավար Հենրիխ Մուրադյանի անունը, որը հեղափոխության օրերին Զուրաբ Ժվանիայի եւ Նինո Բուրջանաձեի ամենամոտ համախոհներից էր: Նախորդ ընտրություններին նա զբաղեցնում էր ընդդիմության դաշինքի ցուցակի անցումային 24-րդ տեղը: Ամենայն հավանականությամբ, Մուրադյանին կառաջադրվի ուրեւէ պաշտոն գործադիր իշխանությունում: Հիշեցնենք, որ նա Շեւարդնաձեի օրոք տնտեսության փոխնախարար էր: Հաշվի առնելով Մուրադյանի «անհատական ներդրումը» հեղափոխական գործին, կարելի է ենթադրել, որ նոր պաշտոնը նախորդից ավելի ցածր չի լինի:

Մեկ հայ կա նաեւ «Ժողովրդավարական վերածննդի միության» ցուցակում, որը ղեկավարում է աջարական առաջնորդ Ասլան Աբաշիձեն: Սակայն, առաջին հերթին, կասկածներ կան, որ այդ կուսակցությունը կկարողանա հաղթահարել յոթտոկոսանոց արգելքը, իսկ երկրորդ` նույնիսկ հաջողության դեպքում, դժվար է հավատալ, որ Կառոյանի զբաղեցրած 35-րդ տեղն անցումային կլինի: Այնպես որ, հայկական համայնքն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի բավարարվել չորս, կամ, լավագույն դեպքում, հինգ մանդաթով, որոնցից չորսը ձեռք են բերվել նոյեմբերյան ընտրությունների մեծամասնական համակարգով: Ինչպես հայտնի է, Նինոցմինդայի շրջանից պատգամավոր էր ընտրվել Հենզել Մկոյանը, Ախալքալաքից` Համլետ Շահբեկյանը, իսկ Ցալսկի շրջանից` Հայկ Մելքոնյանը: (Առաջին երկուսին աջակցում էր Էդուարդ Շեւարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը, իսկ վերջինս ընտրություններին մասնկացում էր «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» ընդդիմադիր կուսակցության դրոշի ներքո):

Այսպիսով, ակնհայտ է, որ Վրաստանի նոր խորհրդարանում հայերն ավելի քիչ կլինեն, քան ներկայիս խորհրդարանում, որտեղ այսօր աշխատում են վեց մեր հայրենակիցները: Հատկանշական է, որ Շեւարդնաձեն նույնպես պատրաստվում էր կճատել հայերի «քվոտան»: Սակայն նա գոնե համամասնական կարգում հստակ երաշիքներ էր ապահովել երկու մանդաթի համար` իր կուսակցական ցուցակում երկու անցումային տեղ առաջարկելով Առնոլդ Ստեփանյանին եւ Գիվի Շուգարովին: Բացի այդ, պատգամավոր դառնալու լուրջ շանսեր ուներ նաեւ բաթումցի Արմեն Գեւորգյանը, որն Ասլան Աբաշիձեի կուսակցության ցուցակում զբաղեցնում էր 40-րդ տեղը: Միաժամանակ նշենք, որ նախկին իշխանությունը, ի տարբերություն ներկայինիս, ամենեւին չէր թաքցնում իր դրական տրամադրվածությունն ադրբեջանցիների հանդեպ, որոնց «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի ցուցակում տրվել էր 9 տեղ: Ներկայիս իշխող կուսակցությունն առավել կոռեկտ է իրեն պահում` պահպանելով հավասարության սկզբունքը երկու ամենամեծ էթնիկական խմբերի միջեւ: (Ապագա խորհրդարանում հայազգի իշխանամետ պատգամավորները ստիպված կլինեն միեւնույն ֆրակցիայում աշխատել մառնաուլցի Ումբատովի եւ Մուրադխանովի հետ):

Սպասվելիք սահմանադրական փոփոխությունները կարող են սահմանափակել հայկական համայնքի ներկայությունը օրենսդիր իշխանությունում: Բացառված չէ, որ չորս տարի անց վրացահայերի համար մեծ հաջողություն համարվի թեկուզ եւ երկու ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանում: Բանն այն է, որ օրակարգային հարց է դեռեւս մնում պատգամավորական մանդաթների զգալիորեն կրճատելու խնդիրը: Առաջարկվում է խորհրդարանը «թեթեւացնել» մեկ երրորդով, եւ տեղերի քանակը հասցնել մինչեւ 150-ի (Այժմ դրանք 235-ն են): Ընդ որում, այդ դեպքում կկրճատվի եւ համամասնական, եւ մեծամասնակական կարգով ընտրվող պատգամավորների քանակը: Այսինքն, ընտրական տեղամասերը նորից են ձեւավորվելու: Այդ ձեւափոխման արդյունքը կարող է լինել հայերի ձայների ցրումը, որոնք բնակվում են Քվեմո-Քարթլի եւ Սամցխե-Ջավախեթիայի հյուսիսային շրջաններում: Բարեփոխման արդյունքում Ախալցխայում, Ցալքի եւ Մառնեուլի շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ կկորցնեն ընտրությունների ընթացքի վրա ազդելու իրական մեխանիզմները: Նրանց ձայնը լսելի չի լինի, եւ վրացական քաղաքական էլիտայի համար ամնեեւին անհրաժեշտ չի լինի հաշվի նստել նրանց հետ: Առավել լուրջ անհանգստության առիթ էլ կա: Ոչ մի երաշխիք չկա, որ Թբիլիսիում չեն գտնվի մարդիկ, ովքեր կառաջարկեն բաժանել Նինոցմինդայի եւ Ախալքալաքի շրջանները երկու առանձին ընտրական տեղամասերի միջեւ, որպեսզի երկուսում էլ բնակվող հայերի քանակը 50 տոկոսից քիչ լինի: Այդ դեպքում հայերը կզրկվեն խորհրդարանում մեկ ներկայացուցիչ ունենալու հնարավորութույնից եւս: Սա վատագույն սցենարն է: Ենթադրվում է, որ նոր ղեկավարներ բավականաչափ խելացի կգտնվեն նման գաղափարները արմատապես մերժելու համար: