Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված առաքլեությանը: Նախաձեռնությունը բավականաչափ ողջունելի է: Սակայն մեկ տարօրինակ հանգամանք կա: Իլհամ Ալիեւի ներկայությամբ Նազարբաեւը շեշտել է, որ պաշտոնական Աստանան խնդրի լուծումը տեսնում է միայն պետության տարածքային ամբողջականությունը հարգելու մեջ եւ այդ սկզբունքը համարում է առաջնային: Այս մասին նա առավել քան հստակ է արտահայտվել. «Ներկայիս սահմանների անխափանությունը կոնստանտ է համարվում: Մենք կողմ ենք, որ աշխարհում անջատողականություն չլինի, եւ տարածքային ամբողջականության կողմնակիցն ենք»: Այն, որ կոլեկտիվ անվտանգության Համաձայնագրով Հայաստանի հետ դաշնակից համարվող պետության ղեկավարը ղարաբղցիների ազգային-ազատագրական պայքարն անվանում է անջատողական, իհարկե չի կարող ուրախալի փաստ լինել: Սակայն տարօրինակն այլ փաստ է: Միջնորդի դերում իրեն առաջարկող քաղաքական գործիչը, չի թաքցնում, որ լիովին կիսում է հակամարտող կողմերից մեկի մոտեցումները: Դժվար չէ ենթադրել, թե որքանով արդյունավետ կլինի նմանատիպ միջնորդի առաքելությունը:
Առաջին անգամ չէ, որ Նազարբաեւն իր ծառայությունն է առաջարկում խաղարարի դերում: 1990թ.-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ նրա նախաձեռնած նախկին փորձը հաջողությամբ չպսակվեց: Չնայած այն ժամանակ դեռեւս Ղազախստանի ղեկավարն իրեն թույլ չէր տալիս միակողմանի գնահատականներ եւ ոչ պատշաճ հայտարարություններ անել, որոնք, անկասկած, տնտեսական շահերի ազդեցության արդյունք էին: Ի դեպ, երկուշաբթի կայացած մամլո ասուլիսում նա Հայաստանին նույնպես առաջարկել է առաջնորդվել տնտեսական հետաքրքրություններով: «Ադրբեջանը զարգանում է, հակամարտության խաղաղ կարգավորման դեպեքում նրա աճող հնարավորություններից կարող է օգտվել նաեւ Հայաստանը »,- կարծում է Ղազախստանի առաջնորդը:
Բավականին հատկանշական է նաեւ Ղազախստանի նախագահի մեկ այլ հայտարարությունը: Նուրսուլթան Նազարբաեւն ասաց, որ հավատում է Բաքու-Ջեհյան-Թբիլիսի նավթատարով ղազախական նավթի արտահանման հեռանկարին: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը խոսեց «դարի նախագծին» Աստանայի միանալու հարցում փոփոխություն առաջ գալու մասին: Վիլայաթ Գուլիեւի խոսքերով` «Պաշտոնական Ղազախստանն առաջին անգամ է հայտարարում, որ օգտվելու է նավթատարից»: Բաքվի լրատվամիջոցներն արդեն ներկայացնում են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով ղազախական նավթի արտահանման մասին համաձայնագրի տեքստը` համոզվածություն հայտնելով նավթատարի շինարարության եկամտաբերության հետ կապված բոլոր խնդիրների վերջնական լուծման մեջ: Բաքվի համար խիստ կարեւոր է նախագծին Աստանայի միանալը, քանի որ հայտնի է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ածխաջրածնի բավականաչափ պաշարներ չկան, եւ առանց ղազախական նավթի խողովակատարը եկամտաբեր չի լինի: Սակայն, կարծես թե, Բաքվում ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Մամլո ասուլիսում Նազարբաեւն ընդամենն ասաց, որ «Աստանան հետաքրքրված է նախագծի հաջողությամբ, քանի որ Ղազախստանի համար այն այլընտրանքային միջոց կլինի էներգակիրի արտահանման համար»: Միաժամանակ, նա նշել է, որ դեռեւս բավականին վիճելի հարցեր կան, որոնք մասնավորապես առնչվում են տարիֆներին: Այսպիսով, Ղազախստանի ղեկավարն իր համար շրջանցելու տեղ է թողել այն դեպքում, եթե Մոսկվայի ճնշումները ստիպեն դադարեցնել ռուսական երթուղով նավթի արտահանումը: Ռուսաստանը չի պատրաստվում այդքան հեշտությամբ հրաժարվել ղազախական նավթի տրանզիտից, որը ոչ միայն մեծ շահույթ է բերում, այլեւ` լուրջ քաղաքական լծակ է: Տվյալ փուլում Մոսկվայի խնդիրն է չեզոքացնել Աստանայի վրա Անկարայի ճնշումը, որը արհեստական սահմանափակումներ է մտցնում Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավթի արտահանման վրա, որպեսզի ղազախներին ստիպի օգտվել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարից: Օրերս Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վիկտոր Կալյուժնին, ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող «Turkoil-2004» նավթագազային կոնֆերանսում, հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում հաշտվել Թուրքիայի անօրինական գործողությունների հետ, որը դիտավորյալ խանգարում է նեղուցներով նավթի արտահանմանը:
Նավթի արտահանման պայմանների մասին ռուս-ղազախական երկխոսությունը շարունակվում է: Այնպես որ, «դարի նախագծի» հաջողությունը դեռեւս շատ ու շատ վաղ է կանխատեսել:





