AM
24 Մարտ 2004 - 00:00 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ԴԵՌԵՒՍ ՇԱՏ ԳՈՐԾ ՈՒՆԵՆ ԱՆԵԼՈՒ

Օրերս զեկույցը քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի, մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության եւ պաշտպանության հանձնախմբում: Հոլանդացի պատգամավորի ներկայացրած նախագիծը նշանակալի փոփոխությունների է ենթարկվել նաեւ հայ լոբբիստների ազդեցության արդյունքում: Հանձնախմբի ընդունած 199 փոփոխությունների մեջ է նաեւ Եվրոպական հայկական ֆեդերացիայի նախաձեռնությունը: Հանձնախմբի քվեարկությանը ներկայացնելուց մեկ օր առաջ զեկույցի տեքստում ներառվեց շրջափակմանը եւ ցեղասպանությանը վերաբերող դրույթը:

Ընդ որում, ցեղասպանություն բառը չի հիշատակվում: Փաստաթղթում հպանցիկորեն է նշվում անցյալ դարի իրադարձությունների մասին. «Անցյալի ողբերգական իրողությունը», որը հիշատակվում է Եվրախորհրդարանի նախկինում ընդունված բանաձեւերում»: Այս երկար եւ տարօրինակ նախադասությամբ են որոշել փոխարինել «ցեղասպանություն» բառը: Չնայած, նախկին բանաձեւին հղում անելը շատ բան է իր տեղը դնում, քանի որ 1987թ.-ի հունիսին, 2002-ի փետրվարին եւ 2004-ի փետրվարին ընդունված փաստաթղթերում 1915թ.-ի իրադարձությունները միանշանակորեն որակվում են որպես ցեղասպանություն: «Անցյալի ողբերգական իրողությունների» հետեւանքների հաղթահարման ճանապարհը զեկույցի հեղինակները տեսնում են «թուրքական եւ հայկական ակադեմիական շրջանակաների, հասարակական եւ ոչպետական կազմակերպությունների միջեւ երկխոսության հաստատմամբ»: Այս քիչ նշանակություն ունեցող կոչը դժվար է անվանել հայ դիվանագիտության հաջողությունը: Այնպես, որ ակնհայտ է, որ եւ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, եւ հայկական լոբբիստական կազմակերպությունները պետք է որոշակի աշխատանք տանեն, որպեսզի Եվրախորհրդարանի լիակազմ նիստում հաստատվելիք զեկույցի վերջնական տեքստում Հայաստանի հանդեպ Անկարայի վարած քաղաքականության գնահատականն առավել հստակ ձեւակերպում ստանա:

Սա վերաբերում է նաեւ Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակմանը: Չգիտես ինչու, զեկույցի հեղիանակները կրկին փորձել են խուսափել շրջափակում բառից: Արտաքին գործերի հանձնախմբի հաստատած փաստաթղթում Թուրքիայի կառավարությանն ընդամենը կոչ է արվում «բացել Հայաստանի հետ սահմանները, նրա հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ համագործակցության ճանապարհով նպաստել տարածաշրջանային հակամարտության լուծման անկողմնակալ որոշման ընդունմանը, ինչպես նաեւ` հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել երկու երկրների հաշտությանը»: Հատկանշական է, որ արտաքին գործերի հանձնախմբի անդամ չհամարվող Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ կողմնակից են ԵՄ կազմում ընդունելու համար Թուրքիային առավել կոշտ պահանջներ ներկայացնելուն: Հիշեցնենք, որ օրերս Հայաստան-ԵՄ համագործակցության միջխորհրդարանական հանձնախմբի եվրոպական պատվիրակության ներկայացուցիչ Թորբեն Հոլցեն հայտարարել է, որ Թուրքիան Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե կատարի Հայաստանի հանդեպ շրջափակման վերացման եւ ցեղասպանության ընդունման անքննելի պահանջները:

Միաժամանակ զեկույցում ասված է, որ Թուրքիան դեռ երկար ճանաապարհ ունի անցնելու մինչ ԵՄ-ին անդամակցելու ժամկետների մասին բանակցություններ սկսելը: Փաստաթղթում Եվրահանձնախմբին կոչ է արվում ճնշում գործադրել Անկարայի վրա, որպեսզի ստիպի այդ երկրին լուծել մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, երկրում հաստատի օրինականության մթնոլորտ եւ կարգավորի Կիպրոսի հիմնախնդիրը: Հիշատակված է նաեւ, որ զինվորականները չափից դուրս մեծ ազդեցություն ունեն քաղաքական որոշումներ ընդունելիս, նշված են իրավապաշտպանների հանդեպ ճնշումների, կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր: Նշենք, որ եթե այդ բոլոր բացասական փաստերը չվերացվեն, ապա Եվրախորհրդարանն իրավունք կունենա հետաձգել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու ժամկետների մասին բանակցությունները: Հիշեցնենք, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախատեսված է այդ բանակցությունները սկսել ընթացիկ տարվա վերջին: