AM
7 Մայիս 2004 - 00:00 AMT

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հայերի եւ վրացիների մեջքի ետեւում Լենինի ու Աթաթուրքի միջեւ կնքված տխրահռչակ Մոսկովյան պայմանագրի դրույթները 1921թ.-ի մարտին կրկնօրինակվցեին Կարսի հայտնի պայմանագրում, որը ստորագրվեց Թուրքիայի եւ Անդրկովկասի խորհրդային երեք հանրապետությունների կողմից: Պայմանագրերը ոչ միան ամրապնդեցին Արեւմտյան Հայաստանի զգալի տարածքների անօրինական բռնի միացումը Թուրքիային եւ կանխորոշեցին հայկական Նախիջեւանի անցումը Ադրբեջանի կազմ, այլեւ վրացական պետականության տակ դանդաղագործ ական դրեցին, քանի որ հանգեցրին Վրացական ԽՍՀ-ի կազմում արհեստական պետական միավորման` Աջարական ինքնավարության ստեղծմանը: Այսօր Մոսկվայի եւ Անկարայի որոշակի ուժեր փորձում են այս պայմանագրերն օգտագործել Վրաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը վերջերս ուղղակիորեն հայտարարեց, որ Կարսի պայմանագրի վրա հիմնվելով` Աջարիայում իրադրության լարվածության դեպքում Անկարան իր զորքերը կարող է մտցնել Բաթումի: Իսկ Մոսկվայում որոշ քաղաքական գործիչներ, նույնպես հղում կատարելով Կարսի պայամանագրին, Ասլան Աբաշիձեին կոչ էին անում օգտագործել Թբիլիսիի կողմից իրականացրած սահմանափակման փորձերը որպես Աջարիայի անկախության հայտարարման առիթ:

Նման սպեկուլյացիայի հիմք է ստեղծել Վրաստանի խորհրդարանը` 1993 թ.-ին ընդունելով Կարսի պայմանագրի երկարաձգման եւ ռատիֆիկացման մասին որոշումը: Այժմ Թբիլիսիում գիտակցում են, որ եթե հնարավոր եղավ պաշտոնանկ անել Աբաշիձեին եւ երկիրն ազատել արտաքին ազդեցության վտանգից, ապա սա դեռեւս չի նշանակում, թե 10 կամ 20 տարի հետո չի հայտնվի մի նոր Աբաշիձե նոր հավակնություններով: Ամեն դեպքում, ելք կա: Երկրի ղեկավարությունը լրջորեն մտածում է չեղյալ համարել Վրաստանի խորհրդային հանրապետության զինվորական եւ արտաքին գործերի հարցերով ժողկոմիսարներ Շալվա Էլիեւի եւ Ալեքսանդր Սվանիձեի ստորագրած պայմանագրերը: Այս հարցը դարձել է Վրաստանի խորհրդարանի արտաքին գործերի հարցերով հանձնախմբի քննարկման առարկան: Լսումներին հրավիրվել էին պատմաբաններ եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ: Հանձնախմբի նախագահ Կոտէ Գաբաշվիլին հավաստում է, որ եթե չհաջողվի պայամանգիրը լիովին չեղյալ համարել, ապա օրենսդիրները գոնե կհասնեն պայմանագրերի իրավական կողմերի վերանայմանը: Խոսքն առաջին հերթին փաստաթղթի այն դրույթի մասին է, որը Մոսկվային եւ Անկարային Աջարիայի ինքնավարության երաշխավորն է դարձնում:

Նշենք, որ թուրքերը եւ ռուսները նման կարգավիճակ ունեն նաեւ Նախիջեւանի դեպքում, որն Ադրբեջանն իրավունք չունի զիջել երրորդ կողմին` համաձայն Մոսկովյան եւ Կարսի պայմանգրերի: Եթե վրացիները կարող են իրենց թույլ տալ պայմանագրերի չեղյալ համարման քննարկումը, ապա, ենթադրվում է, որ այդ իրավունքն ունի նաեւ Հայաստանը, որը Լենինի եւ Աթաթուրքի գաղտնի համաձայնությունից ավելի շատ է տուժել, քան հարեւան երկիրը: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Գրողների միությունը առաջարկել էր ԱԺ-ում քննարկել Կարսի պայմանագիրն անօրինական ճանաչելու հարցը: Միության ղեկավարությունը կարծում է, որ ժամանակն է, որ հայ խորհրդարանականները բոլշեւիկների հանցագործ սխալն ուղղելու կոչով դիմեն Ռուսաստանի Պետդումային: Առայժմ հայ օրենսդիրներն ուշադրությամբ հետեւում են իրենց վրացի գործընկերներին: Նախադեպը կարող է բավականաչափ հետաքրքիր հեռանկարներ ընձեռել: