Եթե այս նախագիծը կյանքի կոչվելու շանսեր ունենար, ապա լուրջ անհանգստության առիթ պետք է դառնար Երեւանում: Դրա իրականացման դեպքում կուժեղանար Հայաստանի չեզոքացումը, քանի որ այլեւս անհրաժեշտ չէր լինի Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վերաշահագործումը: Հայաստանը կզրկվեր տրանզիտային երկիր դառնալու հնարավորությունից, որն էլ կազդեր տարածաշրջանում նրա ունեցած քաղաքական կշռի վրա: Սակայն ակնհայտ է, որ այս մտադրությունը հեռանկար չունի: Ընդ որում, Սաակաշվիլու շեշտադրումից նկատելի է, որ ինքն անձամբ պատկերացում չունի նախագծի իրականացման հեռանկարի մասին: «Մեծ աշխատանք է սպասվում: Հույս ունենք, որ կգտնենք ներդրողներ»,- ասել է նա: Այսինքն, ակնհայտ է, որ առայժմ միայն երազանք ունեն, իսկ դրա իրականացման պատկերացումները խիստ մշուշոտ են:
Մարդը, որ ծանոթ է տեղի ռելիեֆին, դժվար կարողանա հավատալ նախագծի իրականացման հնարավորությանը: Սակայն լեռնային պայմանները միայկ խոչընդոտը չեն: Դոնորները ոչ մի պատճառ չունեն միլիարդավոր դոլարներ ներդնել նոր ճանապարհի շինարարության մեջ, երբ ընդամենը մի քանի հարյուր հազար դոլարը բավական կլինի վերականգնելու Կարս-Գյումրի ճանապարհը: Լիովին ակնհայտ է, որ Աջարիայի տարածքով նոր ճանապարհի շինարարության մասին խոսակցությունն ընդամենը քարոզչություն է: Անկարայի համար սա փորձ է իր համար առավել ճկուն պահվածք ապահովելու, երբ Արեւմուտքը պնդի Կարս-Գյումրի ճանապարհի անհապաղ շահագործումը: Սակայն տարօրինակ է, որ Սաակաշվիլին համաձայնել է խաղալ այս խաղը:
Հատկանշական է, որ Թուրքիայում սկսել են խոսել Անկարան եւ Թբիլիսին ուղիղ կապով միացնող նոր ճանապարհի շինարարության մասին, այն դեպքում, երբ գոյություն ունի Կարս-Ախալքալաք ճանապարհի շինարարության պատրաստի նախագիծը: Կարս-Ախալքալաք նախագծի ձախողումն ակնհայտ է բոլորի համար: 6.5 տարվա ընթացքում գործն այդպես էլ առաջ չի գնացել: Պոտենցիալ ներդրողներից եւ ոչ մեկը չի համաձայնել 800 միլիոն դոլար ներդնել մի նախագծում, որը կասկածելի է թե կոմերցիոն, եւ թե քաղաքական տեսանկյունից: Ստեղծված պայմաններում թուրքերը որոշել են նոր լեգենդ հորինել, որն անտեղյակ մարդկանց առավել համոզիչ կթվա:
Սակայն իրականում շահագործման տեսակետից նոր նախագիծը բոլոր կողմերով զիջում է հնին: Առաջին հերթին, այն անհամեմատ թանկ է, որը տնտեսական խոր ճգնաժամ ապրող Թուրքիայի համար ունի առաջնային նշանակություն: Հայաստանը շրջանցելով` Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ուղիղ կապ ապահովելն այդքան գումար չարժե: Առավել եւս, որ Կարս-Գյումրի ճանապարհի շաահգործման հարցը գրեթե լուծված է: Ստացվում է, որ իրականում թուրքերը նոր մայրուղու կարիքն այնքան էլ չունեն:
Վրացիները նույնպես այնքան էլ մեծ պարտություն չեն կրի, եթե Հայաստանին հաջողվի տրանզիտային երկիր դառնալ: Աբխազական երկաթուղային ճանապարհի գործարկման դեպքում Երեւանը Եվրոպայի հետ միացնող հիմնական տրանսպորտային միջանցքը կմնա իր վերահսոկղության տակ: Այսինքն, ամեն դեպքում, տրանզիտից ստացված գումարները մտնելու են վրացական պետբյուջե: Այնպես որ, ենթադրվում է, որ վրացիները գլուխ չեն կոտրի մի կասկածելի նախագծի իրականացման համար, որի նպատակն է չեզոքացնել Հայաստանը:
Իսկ Ադրբեջանում իրոք երազում են Հայաստանը շրջանցող ճանապարհի մասին: Բաքվում գիտակցում են, որ հայ-թուրքական սահմանի բացումն անխուսափելի է: Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանցի գործարարները նույնպես ստիպված պետք է լինեն օգտվել Հայաստանից անցնող ճանապարհից: Ստացվում է, որ կամա թե ակամա Ադրբեջանը կլցնի Հայաստանի զամբյուղը, ինչպես նաեւ կհայտնվի Երեւանից անուղղակիորեն կախման մեջ: Սակայն Ադրբեջանը ոչ մի հակափաստարկ չի կարող բերել հայկակական մայրուղուն այլընտրանք ստեղծելու օգտին: Դոնորները առաջնորդվում են տնտեսական նպատակահարմարությամբ, եւ ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքներով:





