AM
15 Հուլիս 2004 - 00:00 AMT

ԹՈՒՐՔԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

Կարսի բնակիչների ուղերձը հայ-թուրքական սահմանի բացման հարցում հնարավոր փոփոխությունների եւս մեկ ապացույց է: Կարսի բնակիչները մեկ անգամ չէ, որ փորձում են ազդել իրենց կառավարության վրա` նպատակ ունենալով հայերի հետ երկխոսության տանել: 2001թ.-ին Կարսի շրջանում հավաքվել էր 23 հազար ստորագրություն նմանատիպ ուղերձի տակ: Այն ժամանակ այդ դիմումը ոչ մի արդյունք չունեցավ: Այսօր արդեն սահմանի բացումը պահանջողների թիվը հասել է հիսուն հազարի: Սա իսկապես շատ է, եթե նկատի ունենանք, որ հենց Կարսում ապրում է հարյուր հազարից մի փոքր ավել բնակիչ եւ մոտ 200 հազար էլ` շրջակա գյուղերում: Շրջանից արտագաղթը հասել է բավականին մեծ թվի: Սա արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր, քանի որ շրջանում ամրապնդվում է քրդական գործոնը: Իշխանությունները գիտակցում են իրադրության ողջ լրջությունը եւ ստիպված են լսել տեղի բնակիչների գիտակից կոչերին:

Նկատելի է, որ սահմանի բացման կոչի համար հավաքված ստորագրություններով վերջին ուղերձից Թուրքիայում շատ բան է փոխվել: Դեռ վերջերս Հայաստանի հետ համագործակցության կողմնակից քաղաքական գործիչները եւ գործարարները հարեւան երկրում ճնշումների ենթարկվեցին: 2002թ.-ին Երեւան այցելած թուրքական պատվիրակության անդամները, վերադառնալով հայրենիք, իմացան, որ աշխատանքից ազատվել են: Նման բան այսօր արդեն չկա: Քաղաքային իշխանություններն արդեն ազատորեն աջակցում են այս նախաձեռնության հեղինակներին, իսկ Անկարայում դադարել են նրանց ազգի թշնամի անվանել: Ավելին, հիմքեր կան ենթադրելու, որ կենտրոնական իշխանությունն անուղղակիորեն աջակցում է այս նախաձեռնությանը: Թուրքիայի ղեկավարությունը կարող է օգտագործել այդ ուղերձը, որպեսզի հանրայի կարծիքը նախապատրաստի սահմանի բացման անխուսափելիությանը:

Հատկանշական է, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը պնդում են նաեւ Կարսում բնակվող ադրբեջանական թուրքերը: Անցյալ տարի Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը խոստովանեց, որ չի կարող ազդել Կարսում բնակվող ադրբեջանցիների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն Հայաստանի հետ սահմանի բացման պահանջից: 2002թ.-ին Կարս այցելության ժամանակ Հեյդար Ալիեւն իր զարմանքը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ «Հայաստան հաճախ են այցելում կարսաբնակ ադրբեջանցիներ, որոնք այդ քայլին են գնում հանուն էժանագին շահի»:

Վերջերս` այս տարվա գարնանը, ադրբեջանական լրագրողների մի խումբ մեկնեց Թուրքիայի սահմանամերձ շրջաններ` նպատակ ունենալով քարոզել հայերի հետ բարեկամության անթույլատրելիությունը: Բաքու վերադառնալով առաջատար պարբերականների եւ հեռուստաընկերությունների թղթակիցներն իրենց ընթերցողներին եւ հեռուստադիտողներին փորձեցին համոզել, որ Կարսի եւ Իգդիրի բնակիչները չեն համաձայնի սահմանի բացմանը, մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը: Այս պնդումները չեն համընկնում Թուրքիայից ստացվող վերջին տեղեկությունների հետ: Ո՞ւմ հավատալ: Կառավարությանը ուղարկված` Կարսի բնակիչների ուղերձը փաստ է: Փաստ է նաեւ այն, որ դիմումը ստորագրել է 50 000 մարդ: Մնացածը հորինվածք է: