AM
17 Հուլիս 2004 - 00:00 AMT

ԱՆԿԱՐԱՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ Է ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՄԱՐՇՈՎ

Պետական «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ՏՈՒ-134 ինքնաթիռն իրականացնում էր Բաքու-Անկարա-Բաքու թռիչքը: Դատական կատարածուներն ինքնաթիռ են բարձրացել որոշմամբ, որով իրավունք էր վերապահված ձերբակալել Ադրբեջանի կառավարության սեփականությունը եւ պահել այն որպես գրավ, մինչեւ չմարվի 9 միլիոն արժողությամբ պարտքը: Խոսքը այն պարտքի մասին է, որը գոյացել է թուրքական «Սառկա Կոռկմազ» ընկերության հանդեպ պարտավորությունների կատարումից հրաժարվելուց: Թուրքական այս ընկերությունը 1992թ.-ին միջոցներ է ներդրել Գյանջայի մանվածքային ֆաբրիկայում: Ադրբեջանը հրաժարվում է վճարել պարտքը: Երբ ինքնաթիռի ճակատագրին վերաբերող բանակցություններին միջամտել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, օդանավը դատարկվել է, սակայն ուղեւորներին այդպես էլ չի փոխհատուցվել ուշացման համար: Միաժամանակ, արդեն 4 օր է Տրապիզոնի օդակայանում միեւնույն պատճառաբանությամբ պահվում է մեկ այլ ադրբեջանական ինքնաթիռ:

«Եղբայրական» երկրների միջեւ նման հարաբերություններ նախկինում էլ են եղել, սակայն այսքան մեծ սկանդալ չէին առաջացրել: Այս տարի նմանատիպ դեպքերը զանգվածային են դարձել: Վերջին երեք ամիսների ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է: (Գարնանը առգրավվել էր տրանսպորտային նավը): Կասկած չկա, որ կատարվածն ունի քաղաքական ենթատեքստ:

Սա կտրուկ հակամարտության արդյունք է, որն այժմ հասունանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, եւ անձամբ` Ռեջեբ Էրդագոնի եւ Իլհամ Ալիեւի: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած իր դստեր հարսանիքին Էրդագոնը հրավիրել էր Թուրքիային բարեկամ վեց պետությունների առաջնորդներին, սակայն Ալիեւին հրավիրատոմս չէր ուղարկել: Դրանից մի քանի ամիս առաջ` Անկարա Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական այցի ժամանակ թուրքական վարչապետը ցուցադրաբար լքեց երկիրը եւ մեկնեց Ճապոնիա: Սրանք բոլորը միջոցներ են, որոնք կստիպեն Ադրբեջանին իմանալ իր տեղը եւ որ այդ երկիրը հրաժարվի պահանջելուց, թե Անկարան Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին որոշումներ կայացնելիս մշտապես պետք է նայի Բաքվի կողմը: