AM
11 Սեպտեմբեր 2004 - 00:00 AMT

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԻ

Ուշադրության կենտրոնում կրկին «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» ադրբեջանական արմատական խմբավորումն է: Ըստ կազմակերպության առաջնորդների, բողոքի ցույցերը կտեւեն չորս օր: Նրանց նախաձեռնած միջոցառմանը կմասնակցեն նաեւ Ազգային Ճակատ, «Մուսաֆաթ», «Վախդաթ» կուսակցությունների ընդդիմադիրները: Նշենք, որ ցույց կազմակերպելու համար ՂԱԿ-ն չի դիմել Բաքվի քաղաքապետարան: Զուգահեռաբար հայերի ժամանման դեմ ուղղված բողոքի ցույցեր են անցկացնելու նաեւ մի քանի իշխանամետ կուսակցություններ: Նրանք դիմել են խորհրդարանականներին բոյկոտելու միլի մեջլիսի նիստերը: Այս նախաձեռնությանը հավանության են արժանացրել մի քանի պատգամավորներ:

ՂԱԿ-ն իր ցույցերը կանցկացնի Շահիդի մայրուղու առաջ, որտեղ թաղված են ղարաբաղյան պատերազմում զոհվածները, կառավարության տան, նախագահի աշխատակազմի, ԱԳՆ եւ ՊՆ շենքերի դիմաց: Սակայն կազմակերպիչները պատրաստ են անմիջապես փոխել ցույցի անցկացման վայրը, հենց որ տեղեկանան հայ սպաների մնալու վայրի մասին: Առայժմ նրանց նույնիսկ հայտնի չէ, թե որտեղ են ացկացվելու զինավարժությունները:

Ինչպես հայտնի է, ՂԱԿ հինգ ղեկավարներ դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման «Եվրոպա» հյուրանոցի վրա հարձակում իրականացնելու համար, որտեղ անց էր կացվել զինավարժությունների նախապատրաստման համաժողովը: Դրա աշխատանքներին մասնակցում էին նաեւ հայ զինվորականները, որն էլ դարձել էր հարձակման առիթը: Այժմ ՂԱԿ-ի առաջնորդ Ակիֆ Նագին եւ նրա համակիրները սպասում են իրենց գործի վերանայմանը Վճռաբեկ դատարանում: Առաջիկա դատական պրոցեսն անպայմանորեն իր ազդեցությունը կունենա Նագիի համակիրների գործողությունների վրա: Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե ՂԱԿ առաջնորդների դեմ կայացրած վճիռը ծայրահեղ խիստ է համարում եւ խորհուրդ տվեց բողոքարկել վճիռը` համոզմունք հայտնելով, որ Վճռաբեկ դատարանն առավել մարդասեր կլինի: Ըստ էության, սա ՂԱԿ առաջնորդներին ուղղված ազդանշան էր այն մասին, որ եթե նրանք իրենց լավ պահեն, ապա վճիռը կվերանայվի: Ակնհայտ է, որ այս ազդանշանն հենց այդպես էլ ընդունվել է, քանի որ փաստաբանն անմիջապես Վճռաբեկ բողոք է ներկայացրել, չնայած նախկինում կասկածում էր դրա նպատակահարմարության մեջ:

Այսպիսով, ակնհայտ է, որ երկրի ղեկավարի եւ ՂԱԿ-ի միջեւ կնքվել է գործաք, եւ կազմակերպության բոլոր գործողություններն իշխանության հետ համաձայնեցված են: Բացառված չէ, նաեւ, որ բողոքի ցույցի սցենարը գրված լինի նախագահի աշխատակազմում: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ որեւէ բախում կամ այլ անակնկալ տեղի չի ունենա: «Ղարաբաղի ազատագրողները» ցույց կանեն, կբողոքեն եւ հանգիստ կգնան տուն: Եվ մի քանի շաբաթ անց պետական հանձնարարության զգույշ եւ հեզ կատարման համար ՂԱԿ առաջնորդները կազատվեն պայմանական ազատագրման դատավճռով: Արդյունքում գոհ կմնան բոլորը. եւ ՂԱԿ առաջնորդները, որոնք բավականին հաջող քաղաքական կապիտալ ստեղծեցին իրենց համար, եւ Հյուսիսատլանտյան միության ղեկավարությունը` հնարավորություն ստանալով զինավարժություններն անցկացնել առանց լուրջ անակնկալների: