Իլհամ Ալիեւը ոչ միայն թույլ տվեց Հյուսիսատլանտյան միության սկզբունքներին հակասող գործողություններ: Նա նենգորեն խաբեց ՆԱՏՕ-ի ղեկավարությանը` խաղալով նրա հեղինակության հետ: Չէ որ Ադրբեջանի նախագահն անձամբ էր հավաստիացրել Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Չարլզ Վոլդին, որ հայ զինվորականներին հնարավորություն կտրվի մասնակցել զինավարժություններին: Իսկ ուսումնական զինավարժությունների սկսման նշանակված օրից հինգ օր առաջ արտաքին գործերի նախարար Էլդար Մամեդյարովը քննարկում էր հայկական կողմի մասնակիցների թիվը` պնդելով, որ Ադրբեջանը համաձայն է ընդունել երեք հայ սպա: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը պարզապես ժամանակ էր ձգում` փորձելով ՆԱՏՕ-ի ղեկավարությանը փաստի առաջ կանգնեցնել ամենավերջին պահին: Միգուցե Բաքվում հույս ունեին, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նման կտրուկ քայլի չէր գնա, եւ այդ ժամ Բաքուն հաղթող դուրս կգար: Սակայն այս անգամ Իլհամ Ալիեւի հաշվարկները սխալ դուրս եկան:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն, ի տարբերություն օրենսդրից, չի շտապում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Ադրբեջանի քաղաքական էլիտայի գնահատականները տարբեր են: Միայն մեկ հարցում բոլորը համամիտ են. իրադրությունը կհանգեցնի Արեւմուտքի հետ հարաբերությունների սրացմանը, մասնավորապես` ԱՄՆ-ի: Այս պարագայում հատկանշական է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովի միջեւ երկուշաբթի կայացած հանդիպումը: Մեկնաբանները ենթադրում են, որ պաշտոնական Բաքուն կփորձի Վաշինգտոնի հետ երկխոսության դժվարությունները լրացնել Մոսկվայի հետ հարաբերությունների լավացմամբ, որին ձեռնտու են Ադրբեջանի խնդիրները ՆԱՏՕ-ի հետ:
Չնայած, որ վերջին օրերին հայերի մասնակցության դեմ ուղղված բողոքի ցույցեր էին կազմակերպել թե ընդդիմադիր, եւ թե իշխանամետ կուսակցությունները, այնուհանդերձ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կասկածի տակ են առնում հայերին մուտքի վիզա տրամադրելու հրաժարականի հիմնավորվածությունը: Օրինակ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ, քաղաքագետ Զարդուշտ Ալիսաձեն քննադատել է Ալիեւի այս սին հայրենասիրական քայլը` նրա արարքն անվանելով «հիմար եւ ոչ կառուցողական»: Ալիսաձեի կարծիքով, առավել քաղաքակիրթ կլիներ հավասար պայմաններ ստեղծել ծրագրի բոլոր մասնակիցների համար: Քաղաքագետը համոզված է, որ «իրադրությունը հսկայական կորուստ կբերի Ադրբեջանին»:
Ադրբեջանը ցույց տվեց իր իրական դեմքը: Արեւմուտքում նման գործընկերներին չեն ընդունում: Այժմ ՆԱՏՕ-ի ղեկավարության համար Երեւանն առավել հարմար եւ ցանկալի գործընկեր է, քան Բաքուն: Միջազգային հանրությունը զայրացած է Ադրբեջանի արարքից, իսկ սա հօգուտ Հայաստանի է: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվել տակտիկական որոշ հաջողությունների հասնել: Սակայն գլոբալ առումով պարտվեցին բոլորը: Պաշտոնական Բաքվի քայլն ապացուցեց, որ վստահության ձեւավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների վարած գիծը հեռանկար չունի, քանի որ Ադրբեջանն ամենեւին պատրաստ չէ մարդկային լեզվով երկխոսություն վարել: Սա կրկին կասկածի տակ է առնում խաղաղ համաձայնության հասնելու հնարավորությունները:





