AM
16 Սեպտեմբեր 2004 - 00:00 AMT

ՄՈՍԿՎԱՆ ՓԱԿԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Որոշումն արգելում է երկու երկրների սահմանային հատումը: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն արդեն իսկ ընդունել է որոշում սեպտեմբերի 20-ից փակել բոլոր միջազգային ավտոբուսային ուղիները: Մոսկվայի կտրուկ քայլն առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանից եկող ահաբեկչության վտանգից պաշտպանվելու ձգտումով: Միաժամանակ սա նաեւ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների կիրառման յուրատեսակ ձեւ է: Ադրբեջանը լուրջ վնասներ կկրի սահմանային նոր վարչակարգի կիրառմամբ: Առաջին հերթին կտուժի երկրի տնտեսությունը: 25 ադրբեջանական ձեռնարկություններ զրկվել են ուղեւորների տեղափոխման ավտոմոբիլային արտոնագրերից: Ավիատրանսպորտային ծառայություններն ավելի թանկ են, քան ավտոբուսի տոմսը: Սա նշանակում է, որ սահմանափակումների կիրառումն իր բացասական ազդեցությունը կունենա տասնյակ հազար առեւտրական ադրբեջանցիների գրպանի վրա: Սակայն գոյություն ունի նաեւ քաղաքական վտանգ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի հյուսիսում ապրում են պետական սահմանից անջատված լեզգիները, որոնք չեն ցանկանում կապեր ունենալ Դաղըստանում ապրող իրենց հայրենակիցների հետ: Երկաթե վարագույրը կարող է կրկին հանգեցնել լեզգիների անջատողականության ալիքի բարձրացմանը:

Վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի ղեկավարությունը համոզվեց, որ անհրաժեշտ է համապատասխան գնահատական տալ Ադրբեջանից եկող ահաբեկչությանը: Պաշտոնական Բաքվի համար, որն ի վիճակի չէ կամ չի ցանկանում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների բազաները վերացնելու ուղղությամբ, Մոսկվայի որոշումը չպետք է անկանկալ լինի: Չէ՞ որ արդեն փաստացիորեն հաստատվել է, որ օգոստոսի վերջին ռուսական երկու ինքնաթիռները պայթեցրած Ամնաթ Նագաեւան եւ Սացիատա Ջեբիրխանովան նախապատրաստվել էին Ադրբեջանի տարածքում գտնվող ահաբեկչական բազայում: Նախկինում էլ բավականաչափ հիմնավոր փաստեր կային այն մասին, որ Ադրբեջանից Չեչնիա են ուղարկվում զենք, փող եւ գրոհայիններ: Հայտնի է, որ Բաքվում գրեթե օրինական էին գործում ահաբեկիչների հետ կապեր ունեցող կազմակերպությունների մասնաճյուղերը: Ապացուցված է, որ ահաբեկիչների առաջնորդներ Խաթթաբը եւ ալ Զավահիրին Չեչնիա են մեկնել Ադրբեջանի տարածքով:

Այս կապակցությամբ նոր անակնկալ զարգացումներ կարող է ունենալ այն սպառնալիքը, որն անցյալ շաբաթ հնչեցրեց Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Բալուեւսկին: Գեներալը հայտարարեց, որ հետախուզական մարմիններին հայտնի է չեչեն ահաբեկիչների արտասահմանյան բազաների գտնվելու վայրերը: Միաժամանակ նա հավաստեց, որ Մոսկվան իրեն իրավունք կվերապահի կանխարգելիչ հարվածներ հասցնել դրանց: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ նման քայլերն արդարացված կհամարվեն: Մեկնաբանները չեն կասկածում, որ խոսելով արտասահմանյան բազաների մասին` Բուլաեւսկին առաջին հերթին նկատի ուներ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքում գործող ճամբարները:

Ադրբեջանի վրա ծանրացող վտանգը Բաքվում ամենայն լրջությամբ են ընդունել: «Մոսկվայի այս քայլը վկայում է այն մասին, որ ռուսական կողմը հիմքեր ունի մտածելու, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան են ներխուժում ահաբեկիչներ կամ երրորդ երկրից ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելու համար ստացված գումարներ»,- գրում է Բաքվի «էխո» թերթը: Իսկ Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության խմբի ղեկավար Սուլխադին Աքբարը տեղական լրագրողներին տրված հարցազրոււյցում հայտարարել է. «Եթե կանխարգելիչ հարված հաջորդի Ադրբեջանի վրա, ապա դա կնշանակի հարձակում եւ չհայտարարված պատերազմի սկիզբ»: Կարծես թե այդ պատերազմն իսկապես սարերի ետեւում չէ…