Չճանաչված պետությունում իրադրությունը խիստ լարված է: Ակնհայտ է, որ Աբխազիայի բնակչության զգալի մասը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը հակված չէ իրական համարել: Սրա համար պատճառներ կան: Ընդդիմության առաջնորդներ Բաղաբշը եւ նախագահի թեկնածու չգրանցված մոսկովյան միլիոնատեր Ալեքսանդր Անկվաբան պնդում են, որ իրենց տրամադրության տակ ունեն տարածքային հանձնաժողովների արձանագրությունները, որոնք վկայում են այն մասին, որ Խաջիմբան հավաքել է ձայների ընդամենը 32.8 տոկոսը: Ընտրողների հետ հարցումները նույնպես վկայում են, որ իշխանության դիրքերը բավականին թույլ են, եւ անխուսափելի է երկրորդ փուլը: Ընտրություններից առաջ կատարված անկախ սոցիոլոգիական հարցումների արդյունքները թույլ էին տվել փորձագետներին կանխատեսել ընդդիմության առաջնորդի հաղթանակը առաջին փուլում: Ընդ որում, կանխատեսումների համաձայն, ընդդիմության առաջնորդը 7 տոկոսով առաջ պետք է լիներ մրցակցից. Բաղաբշ` 46 տոկոս, Խաջիմբա` 39 տոկոս:
Տպավորություն էր ստեղծվել, թե իշխանության առաջնորդն ինքը մոտ էր երկրորդ փուլի անխուսափելիության մտքին համակերպվելուն: Երկուշաբթի առավոտյան նա հավաքել էր իր համակիրներին եւ հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իր մրցակցի կողմից: Հավաքվածները պահանջել են արդար ընտրությունների ապահովում երկրորդ փուլում: Սակայն արդեն մի քանի ժամ հետո իրադրությունը կտրուկ փոխվեց, եւ ԿԸՀ-ն, ըստ էության, Խաջիմբային հաղթող հայտարարեց: Ամեն դեպքում առաջին փուլի արդյունքները սպասելի էին, քանի որ շատ քաղաքագետներ էին կանխատեսել Խաջիմբայի թեթեւ եւ համոզիչ հաղթանակը: Չէ որ նա ոչ միայն իշխանության առաջադրած թեկնածուն էր: Նրան ակնհայտորեն սատարում էր եւ Մոսկվան: Այլ կերպ ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ նրան անձամբ ընդունել էր Վլադիմիր Պուտինը: Ռուսամետ աբխազական ընտրողի համար Պուտինի խոսքը սուրբ է: Սակայն իշխանության հանդեպ անվստահությունը բավականին մեծ դուրս եկավ:
Իշխանության հանդեպ պահանջներ ունի նաեւ Աբխազիայում բնակվող հայ համայնքը: Հիշեցնենք, որ խորհրդային ժամանակներում Աբխազիայում հայերի թիվը նույնքան էր, որքան աբխազներինը: Սակայն չճանաչված պետության խորհրդարանում հայերին ընդամենը երկու մանդաթ էր տրված, իսկ կառավարությունում հայ համայնքն ընդհանրապես ներկայացուցիչ չուներ: Սերգեյ Բաղաբշը համաձայնել է այն մտքի հետ, որ նման դասավորությունն օբյեկտիվ չէ, եւ խոստացել է առավել գործուն մեխանիզմներ ձեւավորել երկրի հասարակական-քաղաքական կյանքում հայերի մասնակցության համար: Ընդդիմության առաջնորդը չի թաքցրել այն փաստը, որ ակնկալում է հայերի ձայները: Բաղաբշի ընտրական շտաբն ակտիվորեն աշխատում էր հայերի հետ: Թեկնածուն անձամբ այցելել է գրեթե բոլոր հայկական գյուղերը եւ մեր հայրենակիցների մոտ բավականին լավ տպավորություն թողել:
Պետք է նշել, որ սովորաբար հայերը քվեարկում են այն թեկնածուի օգտին, ով առավել մեծ շանսեր ունի հաղթելու, քանի որ իշխանության հանդեպ լոյալությունը կարող է ազատել հետագա խնդիրներից: Նման թեկնածու էր համարվում Խաջիմբան: Այնուհանդերձ, հազարավոր հայեր հանդես են եկել իշխանության թեկնածուի մրցակցի օգտին: Խաջիմբայի դեմ տրված հայերի ձայները վկայությունն են այն բանի, որ իշխանությունը բավականաչափ ուշադիր չէ ազգային ամենամեծ փոքրամասնության խնդիրներին:





