AM
7 Հոկտեմբեր 2004 - 00:00 AMT

ՉԻՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆ

Հայաստանի հանդեպ Չինաստանի ուշագրավ հետաքրքրության պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի անդամ է: Հայտնի է, որ այս մարմնում հաճախ քննարկվող ԱՄՆ-ի նախաձեռնությունները չին ղեկավարների գլխացավի պատճառ են դառնում: ՉԺՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցը մեկ անգամ չէ դրվել հանձնախմբի օրակարգում: Նման հարցերի քվեարկումը շատ հաճախ վճռորոշում է մեկ-երկու ձայն: Մինչ այժմ Հայաստանը ձեռնպահ է մնացել Չինաստանին վերաբերող հարցերը քննարկելիս: Զարմանալի չէ, որ Չինաստանը փորձում է իր կողմը գրավել յուրաքանչյուր տատանվող երկրին:

Երեւանի հանդեպ ուշադրության դարձնելու Պեկինին ստիպող մեկ այլ գործոնն էլ կապված է այն փաստի հետ, որ սովորաբար Հայաստանը ըմբռնումով է մոտենում ինքնորոշմանը ձգտող ժողովուրդներին: Իմանալով, որ Երեւանը տարածքային ամբողջականության սկզբունքից առաջնային է համարում ինքնորոշման սկզբունքը` Պեկինը զգուշանում է, որ Հայաստանը կարող է անուղղակի օգնություն ցուցաբերել Թայվանին: Միասնական Չինաստանի մասը կազմող Թայվանը վաղուց է ձգտում անկախ կարգավիճակի եւ արդեն 12-րդ անգամ այդ հարցը բարձրացնում է ՄԱԿ-ում: (Վերջին անգամ թայվանցիների հայցը ՄԱԿ-ում քննարկվել է երկու շաբաթ առաջ: Հայաստանի ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել այդ թեմայով ելույթից): Եթե կղզու բնակիչներին հաջողվի ձեռք բերել համաշխարհային հանրության աջակցությունը, ապա նախադեպ կստեղծվի, երբ փոքրամասնությունը, հակառակ մեծամասնության կամքի, անկախություն է ստանում: Այդ նախադեպը բավականին հետաքրքրական կլիներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Պեկինը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ Երեւանը չի աջակցի Թայվանի անջատողականներին: Երեւանը պատրաստ է նման երաշխիքներ տալ, եթե համապատասխան վերաբերմունք նկատի իր հանդեպ: Այդ վերաբերմունքն ակնհայտ դարձավ պաշտոնական այցի ընթացքում: Բնականաբար միամիտ կլիներ ակնկալել Չինաստանի լիարժեք աջակցությունը: Բանն այն է, որ չինացիները դեռեւս պատրաստ չեն ազատվել այն կաղապարից, համաձայն որի` ինքնորոշման իրավունքը բախվում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Սակայն «երախտապարտության դրսեւորման» այլ ձեւեր կարող են լինել: Օրինակ` տնտեսական: Չինաստանն արդեն Հայաստանին է տրամադրել 10 միլիոն յուանի տեխնիկական օգնություն: Սակայն առավել կարեւոր է երկու երկրների ձեռներեցների միջեւ առեւտրային բարենպաստ մթնոլորտի ստեղծումը: Այս հարցում դեռ անելիքներ շատ կան: Պեկինում երկու պետությունների միջեւ կնքված Համատեղ հայտարարագրի վեցերորդ կետում նշվում է, որ հայկական կողմը «Թայվանն ընդունում է որպես Չինաստանի տարածքի անօտարելի մասը եւ հաստատում է Թայվանի հետ ոչ մի պաշտոնական հարաբերություններ չհաստատելու մասին իր մտադրությունը»: Հնարավոր է, որ որեւէ մեկը Երեւանի այս զիջումը համարի երկակի ստանդարտների դրսեւորման ձեւ: Ղարաբաղցիներին կարելի է ինքնորոշվել, իսկ թայվանցիներին` ոչ: Իրականում Ղարաբաղի եւ Թայվանի միջեւ զուգահեռներն անցկացնելը տեղին չէ: Առաջին հերթին, Թայվանում ապրում են չինացիներ, եւ ոչ` այլ ազգի ներկայացուցիչներ: Երկրորդ. ի տարբերություն ղարաբաղցիների, միասնական պետության կազմում թայվանցիներին ցեղասպանություն չի սպառնում: Ընդհակառակը, պաշտոնական Պեկինի վարած քաղաքականության շնորհիվ, նրանք այսօր ծաղկում են: Երրորդ. ի տարբերություն Ղարաբաղի, Թայվանն իր անկախության ձգտման մեջ չի առաջնորդվել Սահմանադրությամբ: Եվ վերջապես, ի տարբերություն ղարաբաղցիների, թայվանցիները չեն հաղթանակել իրենց դեմ սկսված պատերազմում:

Այնպես որ Երեւանը ոչ մի հիմք չունի կասկածի տակ առնել Թայվանի հանդեպ Չինաստանի իրավունքը: Ավելին, Հայաստանը դեմ չէ տարածքային ամբողջականությանը եւ պատրաստ է հարգել այն: Վերջերս նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ ամբիոնից հայտարարեց, որ Երեւանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իրեն անկախ է հայտարարել արդեն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ շրջանը, առաջնորդվելով խորհրդային օրենսդրությամբ, դուրս էր եկել միութենական հանրապետության կազմից:

«Անառակ որդիներին» Չինաստանին վերադարձնելուն օգնելը կարող է ավելի շատ օգուտ բերել, քան վնաս: Այցի ընթացքում բազմիցս նշվեց, որ Պեկինը շնորհակալ է Երեւանին երկու տարանջատված ժողովուրդներին վերջնականապես միացնելու գործում աջակցություն ցուցաբերելու համար: Հայկական դիվանագիտության խնդիրն է չինացիներին բացատրել, որ հայերը նույնպես տարանջատված էին եւ այժմ ցանկանում են միանալ: Այս համատեքստում մենք հիմքեր ունենք ակնկալելու մեծ տերության աջակցությունը: