AM
30 Հոկտեմբեր 2004 - 00:00 AMT

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոր ընտրություններ անցկացնելու մասին Աբխազիայի փաստացի առաջնորդ Վլադիսլավ Արդզինբիի որոշման մասին կարգադրությանը նախորդել էր մեծ սկանդալ: Նախօրեին Բարձրագույն դատարանը հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման օրինականությունը, որն ընտրված նախագահ է հայտարարել ընդդիմության առաջնորդ Սերգեյ Բաղաբշին: Սակայն, գիշերը դատավորի վրա ֆիզիկական ճնշում է գործադրվել, որի արդյունքում դատարանը համաձայնել է ստորագրել կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին վճիռը: Առավոտյան այդ փաստաթուղթը դատավորն անօրինական ճանաչեց, քանի որ այն ստորագրվել էր ճնշման տակ: Դրանով նա հասկացնել տվեց, որ Բաղաբշին համարում է օրինական նախագահ: Սակայն, չգիտես ինչու, նախագահը հիմք է ընդունում երկրորդ փաստաթուղթը` չհաշտվելով ընդդիմադրի հաղթանակի հետ:

Ընտրություններում պարտություն կրած Ռաուլ Խանջիմբիին Արդզինբիի հաջորդը դարձնելու մտքից Մոսկվայում վաղուց են հրաժարվել: Կրեմլը գիտակցեց իր սխալը` ընտրություններում աջակցելով ժողովրդայնություն չվայելող վարչապետին: Սակայն Սերգեյ Բաղաբշին նախագահ ճանաչող թույլտվությունն այդպես էլ չտվեց: Ակնհայտ է, որ Խաջիմբիի օգնությամբ Մոսկվան փորձում է դուրս մղել Բաղաբշին, սակայն ոչ ամենեւին այն պատճառով, թե վախենում է նրանից, այլ` նախկին ԽՍՀՄ տարածքում առանց Կրեմլի համաձայնության նախագահ դառնալու եւս մեկ նախադեպ չստեղծելուց: Մոսկվան ցանկանում է մաքուր էջից սկսել: Բացառված չէ, որ նոր ընտրությունների անցկացման դեպքում հայտնվի Մոսկվային հավատարիմ «անցնող» նոր թեկնածու: Հնարավոր է` դա կլինի Նոդար Խաշբան, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ է նշանակվել վարչապետ: Մոսկվացի Խաշբան մինչ վերջերս Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության չինովնիկ էր: Կրեմլի քաղաքական տեխնոլոգները նրա թեկնածությունն էին քննարկել դեռեւս հոկտեմբերյան ընտրություններից առաջ, սակայն խնդիրն այն է, որ հանրապետության գործող սահմանադրության համաձայն` նա չի կարող նախագահի թեկնածու գրանցվել, քանի որ Աբխազիայի քաղաքացի չէ եւ չի տիրապետում մայրենի լեզվին: Սակայն այդ խոչընդոտները վերացնելու համար դեւռես ժամանակ կա:

Հանրապետության երկրորդ ազգային մեծ խումբը համարվող Աբխազիայի հայ համայնքն այժմ բաղդատված է, ինչպես եւ աբխազական ողջ ժողովուրդը: Ինչպես եւ ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները, այնպես էլ հայերը սովորաբար քվեարկում են իշխանության կողմից առաջադրված թեկնածուի օգտին, ով հաջողության առավել մեծ շանսեր ունի: Հոկտեմբերի սկզբին այդպիսի թեկնածու էր համարվում Խաջիմբոն: Սակայն, չնայած դրան` հայկական շատ բնակավայրերում հաղթանակ տարավ Բաղաբշը: Սա վկայում է հայ համայնքի խնդիրներին իշխանության անբավարար ուշադրության մասին: Ակնհայտ է, որ եթե ընտրությունները կայանային այսօր, մեր հայրենակիցների մեծ մասը կնախընտրեր Բաղաբշին, ում վարչապետ լինելու ժամանակ հայերն Աբխազիայում իրենց առավել պաշտպանված էին զգում:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա մեզ ձեռնտու է ցանկացած արդյունք, որը թույլ կտա արագորեն վերականգնել երկրի կայունությունը: Այնուհանդերձ, կարելի է ենթադրել, որ Սերգեյ Բաղաբշը Հայաստանի համար առավել շահավետ կլիներ, քանի որ նրա` իշխանության գալով վրաց-աբխազական պատերազմի վերսկսման հեռանկարն առավել անիրական կլիներ: Ակնհայտ է, որ ժամանակին Վրաստանի Կոմերիտմիության ԳԽ երիտասարդության բաժինը ղեկավարած եւ թբիլիսյան քաղաքական էլիտայի ավագ սերնդի հետ կապերը պահպանած Բաղաբշն առավել ընդունելի է Սաակաշվիլու համար: Աբխազիայի Գալիի շրջանում բնակվող վրացիները գրեթե միաձայն քվեարկել էին Բաղաբշի օգտին, քանի որ հավատում են, որ նա կարող է բանակցությունների սեղանի շուրջ նստել վրացիների հետ: Հարցը միայն այն չէ, որ նրա կինը վրացուհի է: Բաղաբշի վարչապետ լինելու ժամանակ Սուխումիի եւ Թբիլիսիի միջեւ ընթացող երկխոսությունը բավականին արդյունավետ էր: Եթե Սերգեյ Բաղաբշը հենց այն թեկնածուն է, ով ի վիճակի կլինի թուլացնել վրացիների հետ սրված հարաբերությունները, ապա նրա ընտրությունը կբխի Հայաստանի ազգային շահերից, դրանով հնարավոր կլինի երկու հակամարտող կողմերի միջեւ ստեղծել վստահության մթնոլորտ, որն էլ թույլ կտա խոսել աբխազական երկաթուղային ճանապարհի վերաշահագործման մասին: