AM
2 Նոյեմբեր 2004 - 00:00 AMT

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՌԱՎԵլ ՀԱՃԱԽ Է ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Առաջին փուլի արդյունքները ցույց տվեցին, որ նույնիսկ հսկայական ադմինիստրատիվ ռեսուրսներ ունենալով եւ Մոսկվայի աջակցությունը ստացած իշխանությունը չկարողացավ զգալի հակակշիռ ապահովել: Իշխանության կուսակցության ներկայացուցիչ, գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնածողովի տվյալների, հավաքել է ձայների 40.11 տոկոսը: Նրա հակառակորդը` նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոն ստացել է ձայների 39.16 տոկոսը: Նրա համակիրները չեն հավատում հրապարակված թվերին: Նրանց տվյալներով Յուշչենկոն հաղթել է առաջին փուլում` հավաքելով ձայների 57.34 տոկոսը: Քվեարկության արդյունքները նրանք անվանում են պետական հեղաշրջում: Ընդդիմությունը ընդդիմություն չէր լինի, եթե չբողոքարկեր քվեարկության արդյունքները:

Իհարկե Երեւանից նկատելի չէ, թե ճշմարտությունն ում խոսքերում է: Սակայն այս ընտրությունների ելքը չի կարող չանհանգստացնել Հայաստանի քաղաքական էլիտային: Պաշտոնական Երեւանի չեզոք դիրքորոշումը դեռեւս չի նշանակում, թե հայերը հստակ կողմնորոշում չունեն: Ստեղծված իրադրությունը ստիպում է հայերին որոշակի վերահապահումով մոտենալ առավել անկախատեսելի Վիկտոր Յուշչենկոյին: Այս իմաստով վարչապետ Յանուկովիչն առավել ընդունելի է: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ջերմությունն իր հերթին կհանգեցնի Ուկրաինայի հիմնած ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Աւկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) տարածաշրջանային միավորման թուլացմանը: Այս կառույցը վերջերս ավելի հաճախ է իրեն թույլ տալիս հակահայկական գործողություններ:

Վերջին տարիներին հակահայկական դիրքորոշում է հաճախ ցուցաբերում նաեւ պաշտոնական Կիեւը: Կամ հետեւելով ՎՈւՈւԱՄ-ի գործընկերների հանդեպ ստանձնած չգրված պարտականություններին, կամ իրեն ամեն ինչով Ռուսաստանին հակադրելու համար` Կիեւն ակնհայտորեն պրովոկացիոն նախաձեռնությամբ է հանդես գալիս: Այս մոտեցումը մասնավորապես դրսեւորվում է Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի քվեարկությունների եւ քննարկումների ժամանակ: Բերենք թարմ օրինակ. Անցյալ շաբաթ Ուկրաինան կողմ արտահայտվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում «գրավված տարածքների բնակեցման» մասին հարցի քննարկման ընդգրկմանը: Նկատի է առնված ԼՂՀ-ն շրջապատող անվտանգության գոտին: Օրակարգում հարցը ընդգրկելուն կողմ քվեարկած տաս երկրներից Ուկրաինան միակ քրիստոնյա պետությունն էր: Նման դեմարշները չեն կարող Երեւանի զայրույթը չհարուցել:

Պաշտոնական Կիեւը դժվար թե հրաժարվի այսօր վարվող կասկածելի արտաքին քաղաքականությունից, եթե ընտրություններում հաղթի Վիկտոր Յուշչենկոն, ում ընդունված է համարել Արեւմուտքի շահերի հետեւորդը: Եվ ընդհակառակը, Վլադիմիր Պուտինի աջակցությունն ունեցող Յանուկովիչի հաղթանակը հնարավոր է հանգեցնի արտաքին քաղաքականությունում առաջնայնությունների վերանայմանը, որն էլ բխում է մեր ազգային շահերից: Սակայն խիստ կարեւոր է, թե ինչ միջոցներով եւ ինչ գնով Յանուկովիչը կգա իշխանության գլուխ: Առաջին փուլի արդյունքները ցույց տվեցին, որ Ուկրաինայի վարչապետն իր երկրում նվազ հեղինակություն ունի, որքան Մոսկվան կցանկանար: Եթե Յանուկովիչը նախագահական նստավայր գա միայն ադմինիստրատիվ ռեսուրսների եւ Կրեմլի աջակցության շնորհիվ, ապա դա խիստ վտանգավոր կարող է լինել նաեւ Հայաստանի համար: Բանն այն է, որ նման ելքը կարող է հանգեցնել նրան, որ Կիեւը կկորցնի վերահսկողությունը Հարավային Ուկրաինայի հանդեպ, որի բնակիչները միշտ էլ տարբերվել են հակառուսական տրամադրվածություններով: Հենց Հարավային Ուկրաինայում է գտնվում Իլչեւսկ նավահանգիստը, որով անցնում է Հայաստանի համար խիստ կարեւոր տրանսպորտային միջանցքը, որը մեր երկիրը միացնում է Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ: Վերջերս Վերին Լարսի անցումային կետի փակումից հետո մեզ համար ակնհայտ դարձավ այդ ուկրաինական նավահանգստի կարեւորությունը: Այս հանգամանքը նկատի ունենալով` Ուկրաինայի քաոսն ամենեւին էլ մեր շահերից չի բխում: Ամեն դեպքում, մեզ անհրաժեշտ է կայուն Ուկրաինա, որը կղեկավարի օրինականորեն ընտրված նախագահը, եւ ոչ` ինչ-որ մեկի դրածոն: