Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը Կահիրեում հանդիպել է եգիպտացի իր գործընկեր Աբուլ-Գեյթի եւ Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնախմբի նախագահ Ֆայզ Աբուլ-Նագայի հետ: Երեւանի եւ Կահիրեի միջեւ գործակցությունը պատմություն ունի: Ինչը չի կարելի ասել ԱՊԼ-ի հետ համագործակցության մասին: Հունվարի 19-ին հայ-արաբական հարաբերությունները տեղափոխվեցին լիովին նոր հարթություն, քանի որ ստորագրվեց Հայաստանին ԱՊԼ հատուկ հրավիրվածի կարգավիճակ տրամադրելու մասին Հուշագիրը: Սա բացում է քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցելու փոխշահավետ հեռանկարներ:
Լիովին օրինաչափ է Երեւանի ակնդետ հետաքրքրությունը Արաբական պետությունների Լիգայի հանդեպ: Հայաստանը ձգտում է ակտիվացնել համագործակցությունը բոլոր միջազգային ազդեցիկ կազմակերպությունների հետ: Իսկ ԱՊԼ-ի ազդեցիկության մասին է վկայում հենց միայն այն փաստը, որ դրա անդամներից են ավելի քան երկու տասնյակ պետություններ, որոնք ունեն հարուստ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներուժ: Կազմակերպության անդամ-պետությունների բնակչության թիվը հասնում է քառորդ միլիարդի: Բոլոր միջազգային կարեւորագույն խնդիրների հարցում միասնական դիրքերից ելույթ գալու արաբական աշխարհի կարողությունն ԱՊԼ-ն դարձնում է բավականաչափ ծանրակշիռ կառույց: Հենց ԱՊԼ-ն է սահմանում այն քաղաքականությունը, որին հետեւում է 22 մայրաքաղ:
Հայաստանի համար արաբական աշխարհի հետ մերձենալու հնարավորությունն առաջին հերթին հիմնավորված է «Իսլամական Համագումար» կազմակերպության հետ հարաբերություններում ծագած դժվարություններով, որը շատ հաճախ է հանդես գալիս ակնհայտ հակահայկական դիրքերից: Այս կազմակերպությունում ձայնի իրավունքից օգտվելով` պաշտոնական Բաքվին հաճախ է հաջողվում անդամակիցներին համոզել ՄԱԿ-ում հանդես գալ Երեւանի դեմ ուղղված նախաձեռնություններով: Այդպես եղավ նաեւ վերջերս ՄԱԿ-ում քննարկվող Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու իրադրության մասին հարցը Գլխավոր ասամբլեայի օրակարգում մտցնելու հարցի դեպքում: Ադրբեջանի նախագիծն աջակցող երկրների 95 տոկոսը ԻՀԿ-ի անդամ էր: Սակայն, ուրախալի է, որ իսլամական աշխարհում ազդեցություն ունեցող մի քանի արաբական պետություններ Ադրբեջանին մերժեցին աջակցել: Սա արաբական աշխարհին ուղղված հայ դիվանագիտության արդյունքն էր:
Վերջին շրջանում «Իսլամական համագումարում» նկատելի են հուսադրող միտումներ: ԻՀԿ-ի արաբական եւ ոչ արաբական անդամ պետությունների միջեւ նկատվում են տարաձայնություններ միջազգային կառույցներում Ադրբեջանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու հարցում: Սա դարձել է իսլամական աշխարհում ազդեցության պայքարի հետեւանքը: Իսլամական պետություններում առաջնորդության հասնելու համար որպես ամենաազդեցիկ մուսուլմանական պետություններ պայքարում են Թուրքիան, Իրանը, Պակիստանը եւ Մալազիան: Սա դուր չի գալիս արաբներին, որոնք իսլամական աշխարհում հատուկ դեր հավակնելու բավականաչափ հիմքեր ունեն: Այս հակասություններում Հայաստանը կարող է որոշակի դեր խաղալ, քանի որ նշված պետություններից երեքն առանձնանում է ադրբեջանամետ տրամադրվածություններով եւ թշնամական է Հայաստանի հանդեպ:
Արաբական պետությունների, ինչպես նաեւ Իրանի եւ ԱՊՀ մուսուլմանական երկրների հետ կապերն ամրապնդելով` Երեւանը կարող է կասեցնել «Իսլամական համագումարում» տիրող հակահայկական տրամադրվածությունները: Բացի այս, Արաբական պետությունների Լիգայի հետ երկխոսությունը կօգնի կազմակերպության անդամ-պետությունների մոտ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ` մեր տարածաշրջանի հանդեպ միասնական մոտեցման մշակման, հայ-ադրբեջանական հակասության, եւ ցեղասպանության հարցի օբյեկտիվ պատկերը ձեւավորել: Միաժամանակ Երեւանը շարունակելու է համագործակցել նաեւ արաբական առանձին պետությունների հետ: Առավել արդյունավետ են ծավալվում Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Քաթարի հետ համագործակցությունները: Հսկայական ներուժ կա Իրաքի եւ Պաղեստինի հետ կապերի զարգացման համար:
Ադրբեջանում խիստ անհանգստացած են Հայաստանի եւ արաբական պետությունների միջեւ կապերի զարգացմամբ: Դեկտեմբերի սկզբին նախագահ Իլհամ Ալիեւը, նեղված այն փաստից, որ ոչ բոլոր իսլամական պետություններն աջակցեցին Ադրբեջանին ՄԱԿ-ում, մեկնեց արաբական Արեւելքի պետություններ շրջայցի: Նա այցելեց Քաթարում տեղակայված «Իսլամական Համագումարի» շտաբ: Ադրբեջանի ղեկավարը կազմակերպության առաջնորդներին կոչ արեց ճնշում գործադրել ՄԱԿ-ում Ադրբեջանին չպաշտպանած պետությունների վրա: Նույն նպատակով Արեւելք մեկնեց նաեւ ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը: Մուսուլմանների ղեկավար շեյխ ուլ-իսլամ խաջի Ալլահշուքյուր Փաշաձեն հանդիպեց Լիբանանի դիկտատոր Մուամմար Քադդաֆի, Հորդանանի թագավոր Աբդուլ Երկրորդի, Մալդիվյան հանրապետության եւ Սիերա-Լեոնի նախագահների, Ֆիլիպինների փոխնախագահի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Եգիպտոսի, Օմանի եւ Քուվեյթի նախարարների հետ: Խնդիրը նույնն էր` համոզել նրանց հրաժարվել Հայաստանի հետ համագործակցելուց:
Ադրբեջանի թե քաղաքական, եւ թե հոգեւոր առաջնորդներին իհարկե հայտնի էր, որ Արաբական պետությունների Լիգան պատրաստվում է Հայաստանին տրամադրել հատուկ հրավիրվածի կարգավիճակ: Եվ տարօրինակ կլիներ, որ նրանք չփորձեին կասեցնել դա, քանի որ Բաքվում գիտակցում են, որ ԱՊԼ-ում անուղղակի ներգրավվելը Երեւանին թույլ կտա առավել ակտիվորեն ազդել իսլամական աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա: Չորեքշաբթի Կահիրեում ստորագրված Հուշագիրը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ջանքերը կրկին անգամ անարդյունք եղան:
ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆ





