AM
31 Հունվար 2005 - 00:00 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է, ՈՐ ԻՐԱՔԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՐԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԼԻՆԻ

Այսպիսով, ընտրությունները կայացան, սակայն շատերն են կասկածում, որ ապագա վարչակարգն իրավունք կունենա լիգիտիմ համարվելու: Ո՞ր լուծումն է մեզ ձեռնտու: Երեւանը խիստ հետաքրքված է նրանում, որ ընտրությունները բոյկոտած սուննիթական առաջնորդները համակերպվեն շիիթների առաջնայնության անխուսափելիության եւ իշխանության լիգիտիմության հետ: Որքան շուտ կարողանա նոր վարչակարգն ապացուցել երկրում կայանություն հաստատելու իր կարողությունը, այնքան շուտ կսկսվի երկրից զորքերի դուրս բերման գործընթացը: ԱՄՆ-ի այսօր արդեն նախկին պետքարտուղար Քոլին Փաուլը դեկտեմբերի կեսին հայտարարեց, որ զորքերի դուրսբերումը կարելի կլինի սկսել Իրաքում նոր վարչակարգի ձեւավորումից մեկ տարվա ընթացքում: Անցյալ շաբաթ սա անուղղակիորեն հաստատեց նաեւ նախագահ Ջորջ Բուշը, ով հայտարարեց, որ եթե նոր ղեկավարները պահանջեն լքել Իրաքը, կոալիցիոն ուժերը կհեռանանան երկրից: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա դեմոկրատ առաջնորդները պահանջում են, որ դուրսբերումը սկսվի վարչակարգի ձեւավորումից անմիջապես հետո:

Եթե իշխանությունը կենսունակ լինի, կարելի է հուսալ, որ հայկական հումանիտար խմբի կազմի ռոտացիան ստիպված չեն լինի իրականացնել, եւ մեր խաղաղարարները կվերադառնան հայրենիք կես տարուց: Հակառակ դեպքում, վեց ամիս հետո Երեւանից Բաղդատ պետք է մեկնի հայ զինծառայողների նոր խումբ, իսկ մեկ տարի անց հայ-լեհական համաձայնագրի երկրացման հարցը կդրվի, որի շրջանակներում են մեր զինծառայողները մասնակցում խաղաղարար առաքելությանը:

Միաժամանակ, եթե պարզվի, որ իսկապես նոր վարչակարգն իվիճակի չէ վերահսկել իրադրությունը, ապա դա կարող է բացասաբար ազդել Իրաքի հայկական համայնքի վրա: Եթե իշխանությունը չմնա, արմատականները վրեժ կլուծեն արեւմտյան քաղաքականության կողմնակիցներից: Հայտնի չէ, թե հայկական համայնքի ներկայացուցիչներն ում օգտին են քվեարկել, քանի որ համայնքային կառույցները ձգտում էին առավելագույնս հեռու լինել նախընտրական գործընթացներից:

Այնուհանդերձ, դժվար չէ գլխի ընկնել, որ հայերի հաշվին քիչ ձայն չի հավաքել կումունիստական կուսակցությունը: Ժամանակին Իրաքի կումկուսի ղեկավարությունը շատ հայերից էր կազմված: Երբ Սադամն արգելեց կուսակցության գործունեությունը, կոմունիստներն ընդհատակ անցան: Նրանցից ոմանք մեկնել են Եվրոպա: (Օրինակ, իրաքցի նախկին կոմունիստ հայազգի Մուրադ Արթին տեղափոխվել է Ստոկգհոլմ, որտեղ մտել է շվեդական կոմկուսի գլխավոր ղեկավար մարմին): Այժմ Իրաքում կումունիստները կրկին ակտիվացել են եւ աջակցում են նրանց, ովքեր դեմ են ընտրազանգվածի կրոնական բաժանման սկզբունքին: Հայերի համար խիստ դժվար է կողմնորոշվել նախընտրական ներկապնակում, որի գույները պայմանավորված են ոչ թե գաղափարախոսությամբ, այլ` կրոնական, տեղական եւ ազգային գործոններով: Հայերն իրենց չեն տեսնում երեք հիմնական կլաններից եւ ոչ մեկում` շիիթների, սուննիթների եւ քրդերի: Ինքնուրույն գործոն դառնալ նրանք ոչ միայն չեն կարող, այլեւ` չեն ուզում: Չնայած ժամանակին նման փորձ արվել է:

Սադամի օրոք Իրաքում տարբեր տվյալներով ապրում էր 40-ից 60 հազար հայ: Հայերը եղել են եւ մինչ օրս էլ երկրի ամենամեծ քրիստոնեական համայնքն է: Ժամանակին ԱՄՆ-ի կոնգրեսում քննարկվում էր հայկական համայնքին նպատակային օգնության տրամադրելու մասին օրինագիծը: Եթե փաստաթուղթը հավանության արժանանար, դա հիմք կլիներ հայ համայնքին որպես ինքնուրույն գործոնի ճանաչման համար: Այդ թվում նաեւ` քաղաքական: Սակայն ի տարբերություն Լիբանանի եւ Սիրիայի, հայերն Իրաքում իրենք են հրաժարվել իշխանության կազմում ներկայացուցիչներ ունենալու իրավունքից, որպեսզի իրենց վրա չսեւեռեն ծայրահեղականների ուշադրությունը: Այսօր արդեն անիմաստ է ղեկավարման մարմիններում հայերի մասնակցության հարցը դնել, քանի որ նույնիսկ թուրքմենական համայնքը, որն ավելի մեծ է հայկականից, իշխանության կազմում չի ներկայացվելու որպես ինքնուրույն միավոր: Այնուհանդերձ, ցանկություն կա հուսալու, որ նոր իշխանավորներն արդարացի կհամարեն հայկական համայնքի ներուժն օգտագործել գործադիր իշխանության եւ տարածքային կառավարման մարմինների ձեւավերման գործընթացում:

Արտյոմ Երկանյան