Թուրքմենիան «Գազպրոմին» գազը վաճառում էր հազար կուբամետրի համար 44 դոլարով: «Գազպրոմը» երկնագույն վառելիքը վերավաճառում էր 55-ից 70 դոլարով, միաժամանակ փակելով Ղազախստանից տարանցիկի ծախսերը: Բացառված չէ, որ «Գազպրոմը» Հայաստան էր արտահանում հենց թուրքմենական գազը, որը մենք կարող էինք առանց միջնորդի ներմուծել, ինչպես դա արվում էր 90-ականներին: Այն ժամանակ Թուրքմենբաշու առաջարկած պայմաններն առավել շահավետ էին ի համեմատ նրանց, որ այսօր թելադրում է «Գազպրոմը»: Սակայն գազի մենատերը հայկական շուկայից դուրս հանեց ոչ միայն արտասահմանյան արտահանողներին, այլեւ` ռուսական «Իտեռային»: Թուրքմեններն ուրախ կլինեին ուղղակիորեն արտահանել, սակայն հաղորդակցությունը սահմանափակում է նրանց հնարավորությունները: Աշխաբադը փնտրում է արտահանման այլընտրանքային միջոցներ, եւ, ըստ երեւույթին, ինչ-որ բան նշմարում է, քանի որ առաջին հերթին խիստ վստահ իրեն պահեց ռուսների հետ բանակցություններում, երկրորդ` այս տարի պատրաստվում է 20 տոկոսով բարձրացնել երկնագույն վառելիքից ստացվող եկամուտների ծավալները:
Թուրքմեններն առայժմ գազի արտահանման արեւմտյան երթուղու դիմաց մեկ այլընտրանք ունեն: Դա Իրան տանող գազատարն է: 2004թ.-ին դրանով արտահանվել է մոտ 5 միլիարդ կուբամետր գազ, սակայն խողովակի տրամագիծը մեկուկես անգամ շատի հնարավորություն ունի: Թուրքմենները իրանցիներին գազը վաճառում են 42 դոլարով, այսինքն` քառորդ անգամ ավելի էժան, քան Ռուսաստանը Հայաստանին` իր ռազմավարական գործընկերոջը: Այսօր թուրքմենական գազը Հայաստան հասցնելու միակ ճանապարհը Ռուսաստանից անցնող հյուսիսային երթուղին է: Սակայն իրադրությունը կարող է փոխվել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտից հետո: «Գազպրոմի» ղեկավարությանը չի կարող չանհանգստացնել այս հեռանկարը: Տարածաշրջանում ռուսական գազի այլընտրանքի հայտնվելը վտանգում է ոչ միայն ռուսական մենատերի կոմերցիոն շահերին, այլեւ` Մոսկվայի քաղաքական շահին:
Վերջերս ռուսական խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցած քննարկումների ժամանակ «Գազպրոմի» նախագահի օգնական Ալեքսանդր Ռյազանովն իշխանություններին կոչ արեց ընկերությանը թույլ տալ մասնակցել Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի իրադրությունը վերահսկողության տակ պահել: «Եթե մենք չմասնակցենք Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը, ապա հայտնի չէ, թե ուր կգնա այդ գազը»,- հայտարարեց Ռյազանովը: Նրա խոսքերով` հայ-իրանական նախագիծը կարող է մրցակից դառնալ «Երկնագույն հոսք» ծրագրին, որի հետ «Գազպրոմը» մեծ հույսեր է կապում: Միաժամանակ նա նշեց, որ հայկական շուկան մեծ նշանակություն ունի, եւ որը նրանք կարող են լիովին կորցնել: Սակայն պարոն Ռյազանովն այդպես էլ չհնչեցրեց իր գլխավոր անհանգստությունը: Հայտնի է, որ ռուսական մենատերը խիստ անհանգստացած է, որ հնարավոր է` իրանական գազատարը շարունակվի Վրաստանի տարածքով` Սեւ ծովի հատակով դեպի Ուկրաինա: Եվրոպական շուկայում մրցակցի հայտնվելը կարող է խիստ տհաճ հետեւանքներ ունենալ «Գազպրոմի» համար:
Հատկանշական է, որ դեռ ոչ այնքան վաղուց «Գազպրոմի» ղեկավարությունը խիստ զգուշավորություն էր դրսեւորում Իրան-Հայաստան գազատարին մասնակցելու մասին խոսելիս: Նույն Ալեքսանդր Ռյազանովը 2004թ.-ի հուլիսին Երեւանում գտնվելու ժամանակ հայտարարեց, որ ծրագրի ինքնածախսափակման ժամկետները չեն համապատասխանում «Գազպրոմի» չափանիշներին: «Գազպրոմը» նախընտրում է կարճաժամկետ ներդրումներ անել, սակայն կոմերցիոն եւ քաղաքական շահերի միջեւ առկա հակասությունը միշտ լուծվում է հօգուտ վերջինիս: Ամենայն հավանականությամբ որոշումն արդեն ընդունվել է, եթե ընկերության երկրորդ դեմքը նման հաստատակամությամբ է խոսում ծրագրին ներգրավվելու մասին: Նշենք, որ ներդրման տեխնիկական-տնտեսական հիմնավորումը պատրաստվել է վաղուց, եւ երբ Կրեմլը վերջնական հավանություն տա, «Գազպրոմի» ներգրավվումը հաշված շաբաթներ կտեւի: Միակ բանը, որ կարող է խանգարել դրան` Իրանի եւ Միացյալ նահանգների միջեւ հակասության հնարավոր լարումն է:
Արտյոմ Երկանյան





