Իրաքի նոր իրականությունն առաջին հերթին նկատելի է քրդական գործոնի ազդեցության մեծացմամբ: «Քրդական ցուցակը» զբաղեցրել է երկրորդ տեղը` ստանալով ընտրողների ձայների 26 տոկոսը: Միացյալ Նահանգների հովանավորության տակ գտնվող ներկայիս վարչապետ Այադ Ալաուի կուսակցության ձախողման համեմատ, քրդերի հաջողությունը նշանակում է, որ հենց իրենց դիրքորոշումից է կախված լինելու իշխանական կոալիցիայի կառույցը: Իրաքի զարգացման աշխարհիկ ճանապարհի կողմնակիցները շահել են, քանի որ կղերական այաթոլլի Ալի աս-Սիսթանի ղեկավարած միությունը չկարողացավ բավարար ձայների քանակ հավաքել նախարարների կաբինետը հետագայում ղեկավարելու համար: Այաթոլլան ստիպված կլինի պորտֆեյլների նվազագույնը մեկ երրորդը քրդերին տալ: Սա հնարավորություն կտա կանխել կտրուկ շրջադարձը դեպի իսլամիզմ, քանի որ քուրդ առաջնորդները դեմ են Իրաքը իսլամական պետություն դարձնելուն: Քրդերը չեն թաքցնում, որ հավակնում են նախագահի պաշտոնին: Միայն այդ դեպքում նրանք կհամաձայնեն Այաթոլլիին վարչապետի պաշտոնում տեսնել: Երկրի ղեկավար կարող է դառնալ Ջալալալա Թալաբանին` քրդական քաղաքական ամենաազդեցիկ կլանի առաջնորդը:
Ընտրությունների նման ելքը ոչ լիովին է բավարարում իրաքյան հայերին, սակայն չի էլ վտանգում նրանց շահերին: Հայտնի է, որ հայերը քվեարկել են աշխարհիկ կուսակցության օգտին: Ըստ երեւույթին, հայ համայնքի ձայները բաժանվել են երկու քաղաքական միավորումների` վարչապետ Ալաուի բլոկի եւ կոմունիստական կուսակցության միջեւ: Ալաուին խորհրդանի 275 տեղից ստացել է 38-ը, իսկ կոմունիստները չնայած հինգերորդ տեղում են հայտնվել, կունենան ընդամենը երեք մանդաթ: Սակայն, քրդերի հաջողությունը տեղի հայերին հուսադրում է, որ իշխանությունը կղերականներին թույլ չի տա ակնհայտորեն միջամտել երկրի քաղաքական կյանքին:
Թալաբանների եւ բարզանների հաջողությունը ձեռնտու է պաշտոնական Երեւանին: Ամենայն հավանականությամբ, դժվար չի լինի երկխոսություն հասատել քուրդ գործիչների հետ: Չնայած անցյալի ողբերգական էջերին, այսօր քրդերի ու հայերի մոտ նկատելի են մի շարք նմանություններ միջազգային խնդիրների հանդեպ դիրքորոշումներում: Եթե քրդերը կարողանան ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա, ապա Արաբական պետությունների Լիգայում, «Իսլամական համագումար» կազմակերպությունում եւ ՄԱԿ-ում մենք կարող է նոր վստահելի գործընկեր ձեռք բերենք:
Հատկանշական է, որ քրդական գործոնի ամրապնդումն ընթանում է թուրմանների թուլացմամբ, որոնք բնակվում են իրաքյան Քրդստանի մի քանի շրջաններում: Թուրմաններին հաջողվել է խորհրդարանում անցկացնել ընդամենը երեք անձ: Սա նշանակում է, որ այս թուրքալեզու ազգաբնակչության ներկայացուցիչները ոչ մի հիմք չեն ունենալու հավակնել գործադիր իշխանության պաշտոններին: Այսպիսով, ձախողվեցին Անկարայի վերջին հույսերը, որը թուրմաններին դիտում էր որպես իր առաջատարն Իրաքում: Ավելին, թուրմանները պարտվել են նաեւ Կուռկիկեում` քաղաք, որը համարվում էր նրանց քաղաքական կենտրոնը: Այժմ արդեն ակնհայտ է, որ քրդրեը վերահսկում են իրադրությունը իրաքյան Քրդստանի ողջ տարածքում, եւ այստեղ գտնվող թուրքական առանձին բնակավայրերի առկայությունը չի կարող խոչընդոտել ավտոնոմիայի ձեւավորմանը, իսկ հետագայում նաեւ` անկախ պետության:
Իրաքյան ընտրությունների արդյունքները խիստ անհանգստություն են առաջացրել Անկարայում: Ստեղծված իրադրությունը կարող է հանգեցնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը: Թուրքերն ակնհայտորեն մեղադրում են ամերիկացիներին, որ նրանք չեն կատարել իրենց խոստումը եւ չեն խոչընդոտել ավտոնոմիայի ստեղծմանն ուղղված քրդերի փորձերին: Ռեջեբ Էրդագոնը վերջերս կրկին հայտարարեց, որ ԱՄՆ պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերն Իրաքից: Իսկ թուրք արմատականներն առավել հստակորեն են խոսում այն մասին, թե Իրաքում ամերիկացիները ցեղասպանություն են իրականացրել: Սպիտակ տունն առայժմ անպատասխան է թողնում նման հակամերիկյան կոշտ հայտարարությունները: Սակայն շուտով առիթ կստեղծվի, որ Վաշինգթոնն Անկարային իր տեղը ցույց տա աշխարհում: Միջոցները կարող են տարբեր լինել: Դրանցից մեկը Կոնգրեսի օրակարգում այսպես կոչված «հայկական բանաձեւի» ներառման թույլտվությունն է: Այդ հեռանկարը բավականաչափ իրական է դառնում: Այսպսով, ստացվում է, որ Իրաքի խորհրդարանական ընտրությունների ելքը շահավետ քաղաքական մթնոլորտ է ստեղծել 90-ամյակի նախօրեին հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բարձրացնելու համար:
Արտյոմ Երկանյան





