Այժմ քննարկվող օրինագծի վերջնական հաստատման դեպքում խորհրդարանի տեղերի թիվը 235-ից կկրճատվի 150-ի: Կկրճատվեն թե մեծամասնական, եւ թե համամասնական տեղերը: Այօսր 150+85 բանաձեւի փոխարեն կգործի 100+50 հարաբերկացությունը: Այժմ մեկական պատգամավոր է ընտրվում 75 շրջաններից եւ 10 մայրաքաղաքային համայնքներից: Հետեւաբար, բարեփոխումից հետո ընտրական տեղամասերը կձեւափոխվեն: Տեղամասերի միավորման արդյունքում հայերը կզրկվեն մանդատներից, ընդ որում ոչ թե մեկ, այլ` երկուսից: Այժմ հայերը բացարձակ մեծամասնություն են կազմում երկու շրջաններում` Ախալքալաքում եւ Նինոծմնիդայում: Բացի այդ, նրանք կարող են նաեւ ազդել Ախալցխայի եւ Ծալկայի շրջաններում: Այժմ վրացական խորհրդարանում մեծամասնական կարգով ընտրված երեք հայ կա, ովքեր ներկայացնում են Ախալքալաքը, Բոգդանովկան եւ Ծալկան: Եթե հնարավորություն լիներ միավորել Ախալքալաքի շրջանը Ախալցխայի հետ, իսկ Նինոծմնիդան Ծալկայի հետ, ապա կհաջողվեր պահպանել հայ համայնքի երկու մանդաթը: Սակայն դժվար է դա հուսալ: Հենց միայն այն պատճառով, որ Ծալկայի շրջանը մտնում է ոչ թե Սամցխե-Ջավախեթիայի կազմում, այլ` հարեւան Քվեմո-Քարթլիի:
Ակամայից հիշվում է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, որը 1992թ.-ին մշակելով երկրի նոր վարչա-տարածքային բաժանումը` «հոգացել էր ապագայի մասին»: Հայերով բնակեցված շրջանները նա բաժանել էր այնպես, որ Սամցխե-Ջավախեթիայում մեր հայրենակիցները մեծամասնություն չկազմեն: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ չնախատեսված խնդիրներ են ծագել:
Ինչ վերաբերում է համամասնական պատգամավորական տեղերին, ապա մանդատների մեկուկես անգամ կրճատումից հետո, կարող է պատահել այնպես, որ հայերն ընդհանրապես չհայտնվեն ցուցակների անցումային տեղերում: Այժմ համամասնական հայ պատգամավորները երկուսն են: Այսպիսով, այժմյան քաղաքական իրադրությունում նոր համակարգը հայերին հնարավորություն կտա խորհրդարան անցկացնել ընդամնեը մեկ պատգամավորի:
Ստացվում է, որ 40 տոկոսով մանդատների կրճատում նախատեսող բարեփոխումը խորհրդարանում հայերի թիվը կկրճատի 60 տոկոսով: Հիշեցնենք, որ վրացական խորհրդարանի նախկին կազմում հայերը վեցն էին: Ամենայն հավանականությամբ, հաջորդ կազմում նրանց թիվը երկուսը կլինի: Գրեթե նույն իրավիճակն է նաեւ ադրբեջանական համայնքի համար, որին նույնպես անհանգստացնում է բարեփոխման հետեւանքը:
Օրեցօր թուլանում է ազգային փոքրամասնությունների ազդեցությունը Վրաստանի քաղաքական կյանքի վրա, իսկ սահմանադրական բարեփոխումները կարագացնեն այդ գործընթացը: Հնարավոր է` Թբիլիսիում ոմանց տհաճ լինի այն, որ մենք Երեւանում քննարկում ենք հարեւան երկրի պետական կառուցվածքը: Իսկապես, չէինք ցանկանա դա անել: Սակայն ակամայից զուգահեռներ ենք տեսնում այլ բարեկամական երկրների իրավիճակների հետ, որտեղ մեր հայրենակիցներն առավել պաշտպանված են իրենց զգում: Օրինակ` Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Կիպրոսում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հայերը լիարժեքորեն մասնակցեն երկրի քաղաքական կյանքին եւ պետական մարմիններում համապատասխան ներկայուցչություն ապահովեն: Լիբանանում հայերն ունեն հինգ մանդատ: Իրանական խորհրդարանում մեր հայրենակիցներին ապահովված է երկու ձայն: Իսկ չէ որ ոչ թե Լիբանանում, Իրանում, Ֆրանսիայում եւ կամ Ռուսաստանում, այլ հենց Վրաստանում են հայերն աշխարհում ամենամեծ համայնքը կազմում` ընդհանուր բնակչության թվի հետ համեմատած:
Արտյոմ Երկանյան





