AM
9 Մարտ 2005 - 00:00 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՐԱՆԸ ԳԱԶ ԿԱՐՏԱՀԱՆԻ ԵՎՐՈՊԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

Նիստում կողմերի պատվիրակությունները ղեկվարում էին Իրանի եւ Ուկրաինայի նավթային արդյունաբերության փոխնախարարներ Խադի Նեժադհոսեյնիանը եւ Սերգեյ Տիտենկոն, ովքեր նաեւ էներգետիկ համատեղ հանձնախմբի համանախագահներն են: Սա արդեն թվով երրորդ հանդիպումն էր: Կարծես թե այս անգամ կողմերը վերջնականապես համոզվեցին Իրան-Ուկրաինա գազատարի շինարարության նպատակահարմարության մեջ: Հարցն առայժմ դրա երթուղու եւ նախագծի ֆինանսավորման աղբյուրների հայթայթման մեջ է: Կիեւը հետաքրքրված է տարեկան ձեռք բերել 15 միլիարդ կուբամետր գազ: Սա ծավալ է, որի համար արժե գազատար կառուցել: Միաժանակ, լիովին ակնհայտ է, որ Եվրոպայի երկրները նույնպես դեմ չեն լինի ռուսական գազին այլընտրանք ունենալուն:

Իրանի նավթի նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվության համաձայն` գազատարի շինարարության աշխատանքները սկսելու մասին վերջնական որոշումն արդեն ընդունվել է: Մայիսին որոշվել է Թեհրանում կրկին նիստ անցկացնել, որում արդեն կքննարկվեն նախագծի ֆինանսավորման հարցը եւ նախատեսվող աշխատանքների գրաֆիկը: Բացառված չէ, որ այդ հանդիպումը կամփոփվի կոնսորցիումի ստեղծմամբ: Առայժմ խիստ մշոշոտ է այն հարցը, թե ովքեր կդառնան դրա համահիմնադիրները: Պատճառը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ աճող հակամարտությունն է: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ իրանական գազով եվրոպացիների հետաքրքրվածությունը տարեցտարի աճում է: Այժմյան ամենակարեւոր հարցը, թերեւես, նախագծին եվրոպական երկրների մասնակցությունն է, քանի որ ուկրաինացիների եւ իրանցիների համար խիստ դժվար կլինի անհրաժեշտ ռեսուրսներն ինքնուրույն հայթայթելը: Նախնական հաշվարկներով գազատարի շինարարությունը կարժենա մոտ հինգ միլիարդ դոլար:

Իրանական մամուլում հիշատակվում է խողովակի անցկացման երկու հնարավոր տարբերակ: Երկուսն էլ` Երեւանով: Առաջինը` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Ուկրաինա, իսկ երկրորդը` Իրան-Հայաստան-Վրաստան-Սե ծով-Ուկրաինա: Իհարկե, առաջինն ավելի էժան կարժենա: Սակայն դրա իրականացումը հակադրվում է Ռուսաստանի դիրքորոշմանը, որը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ եվրոպական գազի շուկայում մրցակից կհայտնվի: Մոսկվան նախագծի իրականացմանը կխոչընդոտի այնքան ժամանակ, մինչեւ չհամոզվի, որ խողովակն ամեն դեպքում կանցկացվի: Այդ պարագայում Ռուսաստանին ավելի շահավետ կլինի իր տարածքը տրամադրել, որպեսզի գոնե վերահսկողություն ունենա երկնագույն հոսքի վրա:

Իրանական աղբյուրների տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել խողովակը Հայաստանին շրջանցելով անցկացնելու տարբերակը: Չնայած սկզբնական փուլում նման խոսակցություններ գնում էին, ընդ որում` բավականին ակտիվ: Հիշեցնենք, որ, չգիտես ինչու, Վրաստանը նախընտրեց իրանական գազը ստանալ ոչ թե Հայաստանի, այլ` Ադրբեջանի տարածքով: Բավականին գումարներ էին առանձնացվել խորհրդային շրջանում կառուցած գազատարի վերակառուցման համար: Նախատեսվում է, որ արդեն գարնան վերջին վրաց-ադրբեջանական հատվածը շահագործման կհանձնվի: Բացի այդ, ամռան վերջում Անկարայում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադրեզ Արեֆի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդագոնի միւեջ բանակցությունների ժամանակ նախնական պայմանավորվածությունն էր ձեռք բերվել Թուրքիայի տարածքով գազի տրանզիտի վերաբերյալ: Խիստ կարեւոր է, որ Իրանի եւ Ուկրաինայի էներգետիկ համատեղ հանձնախմբի վերջին նիստում ոչ ադրբեջանական, եւ ոչ էլ թուրքական երթուղիները չեն քննարկվել: Այսպիսով, բավականաչափ հիմքեր կան հուսալու, որ Իրան- Եվրոպա գազատարի շահագործման դեպքում Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր:

Ինչպես հայտնի է, Իրան-Հայաստան կառուցվող գազատարը նախատեսված չէր տրանզիտի համար: Սա նշանակում է, որ Իրան-Եվրոպա գազատարի շինարարության մասին վերջնական որոշում կայացնելու դեպքում անհրաժեշտ կլինի նոր խողովակ անցկացնել: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը վերջերս հայտարրել է, որ դա դժվարույթուններ չի առաջացնի: «Եթե տրանզիտի խնդիր դրվի, կարելի է զուգահեռ խողովակ անցկացնել հենց նույն երթուղով»,- հայտարարել է նա: Հատկանշական է, որ արդեն հաստատված երթուղով գազատարի շինարարությունն ավելի էժան կարժենա, քան եթե նորից մշակվեր երթուղին: Դա թույլ կտա օգտագործել գործող ենթակառույցները:

Մոսկվան այժմ հակվում է «Իրան-Հայաստան» նախագծին իր մասնակցության օգտին, սակայն կտրականապես դեմ է դեպի Ուկրաինա խողովակի շինարարությանը: Լիովին հասկանալի հատուկ հանգամանքները ստիպում են Հայաստանին առայժմ չմասնակցել Իրան-Եվրոպա գազատարի շինարարությանը վերաբերող քննարկումներին: Այդ հարցի նախաձեռնությունը Թեհրանինը եւ Կիեւինն է, ինչպես նաեւ` եվրոպական մայրաքաղաքներինը: Նրանք էլ եւ պետք է իրենց վրա վերցնեն ամբողջ պատասխանատվությունը: Սակայն հասկանալի է, որ Երեւանը խիստ շահագրգրռված է նախագծի հաջողությամբ, որն իրեն բավականին լուրջ աշխարհաքաղաքական առավելություններ է խոստանում:

Արտյոմ Երկանյան