AM
6 Ապրիլ 2005 - 00:00 AMT

«ԴԱՐԻ ՆԱԽԱԳԻԾՆ» ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Հանդիպմանը կողմերը ներկայացնում էին Ադրբեջանի տրանսպորտային գերատեսչության ղեկավարի օգնական Մուսա Պանախովը, Թուրքիայի օդակայանների, նավահանգիստների եւ երկաթգծերի շինարարության վարչության գլխավոր տնօրենի օգնական Ահմեդ Քուշխանօղլին եւ Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Կախա Սեխնիաշվիլին: Հատկանշական է, որ այդ նախարարությունում տրանսպորտի հարցերը համակարգում է մեկ այլ փոխնախարար` Վրաստանի հայերի միության ղեկավար Հենրիխ Մուրադյանը, ով չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը տարածաշրջանային տրանսպորտային շղթայից Հայաստանին դուրս բերելուն կոչված մտահղացման հանդեպ: Սակայն Բաքու, իհարկե, նրան չուղարկեցին: Նրա փոխարեն Բաքու մեկնած Սեխնիաշվիլին Կարս-Ախալքալաք ճանապարհի շինարարությունն անվանեց «դարի նախագիծը»:

Աշխատանքային խմբի Բաքվի նիստը թվով երկրորդն է: Առաջինը կայացել էր անցյալ տարի Թբիլիսիում: Այդ ժամանակ մշակվել էր միջոցառումների պլանը: Բաքվում լսվեց կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ծրագրի նախաձեռնողները ակնկալում են, որ Կարս-Ախալքալաք ճանապարհի տրանսպորտացիան առաջին տարում կազմելու է 2-3 միլիոն տոննա, այնուհետեւ այն կարող է հասնել մինչեւ 8 միլիոնի: Թերեւս, նիստում ընդունված կարեւոր որոշումը կառույցների ձեւի հստակեցումն էր, որը լիազորված պետք է լինի զբաղվել ծրագրի իրականացմամբ: Հանդիպման մասնակիցները նախընտրեցին երեք կողմերի հավասար մասնաբաժնով կոնսորցիումը: Ենթադրվում է, որ կոնսորցիումը պետք է զբաղվի ճանապարհի ինչպես շինարարությամբ, այնպես էլ` շահագործմամբ: Հիմնադիր ‎‎ֆոնդի չափը դեռեւս հստակեցված չէ:

Սակայն լուծված չէ ամենակարեւոր հարցը` որտեղից գումար վերցնել: Աշխատանքային խմբի անդամները չեն թաքցնում, որ իրենց հույսերը կապված են միջազգային ֆ‎ինանսական կառույցների վարկերի հետ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ միջազգային կառույցները դեմ են Հայաստանը տրանսպորտային մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերին: Միաժամանակ, բոլորին էլ հայտնի է, որ նախագծի խնդիրներից մեկն էլ հենց Հայաստանի մեկուսացումն է, որը Կարս-Ախալքալաք մայրուղու շինարարության դեպքում կզրկվի տարանցիկ երկրի կարգավիճակից: Կարելի է ենթադրել, որ միջազգային դոնորներն ամենեւին էլ չեն շտապի ‎ֆինանսավորել քաղաքական պլանի առումով խիստ կասկածելի նախագիծը: Ի դեպ, այս մտադրությունը կասկածելի է նաեւ տնտեսական տեսանկյունից: Հայտնի է, որ Կարս-Ախալքալաք ճանապարհով բեռների փոխադրումը երկու անգամ ավելի թանկ կլինի, քան այժմ գոյություն ունեցող, բայց չաշխատող Կարս-Գյումրի ճանապարհով: Նախագծի արժեքն էլ մինչ այժմ հստակեցված չէ: Տեխնիկական-տնտեսական հիմնավորման մշակումն իր վրա է վերցրել թուրքական կողմը: Հաշվարկները կավարտվեն մինչեւ տարվա վերջ: Եվ միայն այդ ժամանակ պարզ կդառնա` որքանով է իրատեսական նոր մայրուղու շինարարությունը:

Մեռած թվացող նախագիծը կյանքի կոչելու փորձերը վերջին ժամանակներում առավել ակտիվանում են: Դրա հեռանկարներն առաջին հերթին կախված են այն բանից, թե արդյոք Անկարային կհաջողվի դիմակայել Արեւմուտքի ճնշումներին, որը պնդում է վերացնել Հայաստանի շրջափակումը: Եվրամիություն մտնելու` Թուրքիայի ձգտումը ոչ մի կերպ չի հատվում Էրդագոնի կառավարության վարած քաղաքականության հետ: Եթե այնուհանդերձ Անկարան զիջի Արեւմուտքին եւ հանուն ԵՄ-ին անդամակցելու բացի Հայաստանի հետ սահմանի արգելափակոցը, ապա նոր ճանապարհի շինարարության մեջ միլիոնավոր դոլարներ ներդնելու իմաստն ամենեւին կկորի:

Արտյոմ Երկանյան