Լիբանանում քաղաքական լարվածության հերթական առիթն են դարձել խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ կառավարության ձեւավորման սկզբունքների շուրջ ծագած տարաձայնությունները: Նախկին վարչապետ Օմար Քարամեն, լիազորված լինելով կրկին ձեւավորել նախարարների կաբինետը, կողմնակից էր կառավարությունում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ներգրավելուն: Սակայն ընդդիմադիրները պնդեցին, որ նախարարական պորտֆելները տրվեն միայն չեզոք քաղաքական գործիչներին, ովքեր մտադրություններ չունեն առաջադրվել նախատեսվող ընտրություններին: Արդյունքում ծագեց ճգնաժամ, որը վտանգում է մայիսին նշանակված խորհրդարանական ընտրությունների կայացմանը: Չենք ցանկանում խոսել վատթարագույն տարբերակի մասին, քանի որ բոլորի հիշողության մեջ դեռեւս մնացել են 70-ականների կեսերին տեղի ունեցած իրադարձությունները: Հատկանշական է, որ հենց այս օրերին 30 տարի առաջ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը:
Հայկական համայնքի քաղաքական կուսակցությունները պատրաստ էին ընտրություներին: Համոզվելով, որ առանց իշխանություների օգնությանը դիմելու տակտիկան չարդարացրեց իրեն, տեղի հայերի առաջնորդները վերականգնեցին կապերը եւ քրիստոնյա- մարոնիթներին համախմբող «Քաթաիբ» շարժման, եւ սուննիթ Վալիդ Ջումբլաթի ղեկավարած Առաջատար սոցիալիստական կուսակցության հետ: Այս երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես են գալիս Լիբանանում սիրիական ներկայացուցչության եւ նախագահ Էմիլ Լահուդի դեմ, ով, ինչպես հայտնի է, կիսով չափ հայ է: (Նրա կինը նույնպես հայ է): Վերջին շրջանում հայ քաղաքական ուժերի կողմից վարվող առավել ճկուն քաղաքականությունը թույլ էր տալիս հավակնել, որ խորհրդարանական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում էլ համայնքը կպահպաներ իր այժմյան ազդեցությունը կառավարությունում եւ քաղաքական վերնախավում: Օմար Քարամեի իշխանության պահպանման դեպքում հայերը համարձակորեն հավակնում են երկու նախարարական պորտֆելների: Սալայն ընդդիմադիրների` իշխանության գալն էլ չի հանգեցնի այն հետեւանքներին, որոնք ծագել էին Ռաֆիկ Հարիրիին կառավարության ղեկավարի պաշտոնում կրկնակի անգամ նշանակումից հետո: 2001թ.-ին հանգուցյալ վարչապետը կրճատեց հայերի ներկայացուցչությունը կառավարությունում` նրանց հիշեցնելով, որ ընտրությունների ժամանակ աջակցել էին իր հակառակորդին:
Այժմ քչերն են կասկածում, որ ընտրությունները տեղի չեն ունենա: Առնվազն` անհրաժեշտ ժամկետներում: Ներկայիս պատգամավորների մանդատների ժամկետների ավարտին մնացել է մեկ ամսից մի փոքր ավել: Սահմանադրության համաձայն` նախընտրական արշավը պետք է սկսվի ապրիլի 18-ից: Նույնիսկ եթե մոտ օրերս արագ կերպով ձեւավորվի կառավարությունը, այն չի հասցնի խորհրդարանի հետ համաձայնեցնել ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ խորհրդարանական մեծամասնությունը կմերժի ընտրությունների մասին օրինագիծը, կհետաձգի քվեարկությունը եւ կերկարացնի իր լիազորությունների ժամկետը: Սակայն սա կարող է հանգեցնել հակասության առավել սրացման: Նկարագրված սցենարի իրականացման դեպքում ընդդիմությունը սպառնում է փողոց դուրս բերել հարյուր հազարավոր իր կողմնակիցներին: Իսկ սա խիստ վտանգավոր է, եթե նկատի ունենանք, որ լիբանանյան շատ խմբավորումներ մինչ այժմ էլ զինված են:
Հայկական համայնքը, ինչպես եւ լիբանանյան հասարակությունն ամբողջությամբ, լարվածությամբ սպասում է նոր վարչապետի մասին նախագահի հրամանագրին եւ հույս ունի, որ նախագահին կհաջողվի երկիրը դուրս բերել խորը ճգնաժամից եւ կազատի նրան քաղաքացիական նոր պատերազմի վտանգից:
Արտյոմ Երկանյան





