AM
2 Մայիս 2005 - 00:00 AMT

ԿԿԱՅԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՌԵՋԵՊ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հիշեցնենք, որ Ռեջեպ Էրդողանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ անմիջական բանակցությունների մասին խոսակցություններին նախորդել էր երկու առաջնորդների նամակագրությունը: Ապրիլի կեսին թուրք առաջնորդը Հայաստանի նախագահին նամակ ուղարկեց, որում առաջարկում էր ստեղծել պատմաբանների համատեղ խումբ, որն ուսումնասիրելով պահոցները` կպարզեր, թե արդյոք 1915թ.-ի դեպքերը կազմակերպված ցեղասպանություն էին: Պատասխան նամակում Ռոբերտ Քոչարյանն այլընտրանքային առաջարկ ներկայացրեց: Հայաստանի ղեկավարն ընդգծեց, որ առավել տրամաբանական է համարում, որ քաղաքական առաջնորդներն իրենց վրա վերցնեն ստեղծված իրադրությունից ելք գտնելու պատասխանատվությունը եւ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված առանց նախապայմանների երկխոսություն սկսեն: «Զամանի» հրապարակումներից դատելով` Թուրքիայի կառավարությունը մտադիր է սեղմել իրեն երկարացված ձեռքը:

Ակնհայտ է, որ երկու առաջնորդների նախաձեռնությունները մեկը մյուսի շարունակությունը չեն: Դրանք նույնիսկ հակասում են իրար: Եթե Քոչարյան-Էրդողան հանդիպումը կայանա, ապա պետք է հիշել, որ դրա քննարկման առարկան պետք է առաջարկի հենց հայկական, այլ ոչ` թուրքական կողմը, քանի որ անցյալ դարասկզբի իրադարձությունների գիտական, պատմական մակարդակով քննարկման գաղափարն ըստ էության մերժվել է Հայաստանի նախագահի կողմից: Այնուհանդերձ, տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության վերսկսման նախաձեռնությամբ Անկարան ի սկզբանե տրամադրված էր հենց քաղաքական մակարդակով կապերի հաստատմանը: Իսկ պատմաբանների հանձնախմբի ստեղծման առաջարկը զուտ «խոսակցությունը սկսելու առիթ էր», որովհետեւ դժվար չէր ենթադրել նմանատիպ հայտարարությունների հանդեպ Երեւանի բացասական արձագանքը: Էրդողանը գոհ է, քանի որ Քոչարյանը ամբողջական հրաժարականով չի պատասխանել, այլ` բանակցությունների սեղանի շուրջ նստելու բարյացակամ առաջարկով: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը Հայաստանի նախագահի ուղերձը դրական է անվանել: Թուրքերը գնահատել են Ռոբերտ Քոչարյանի զսպվածությունը, ով իր ուղերձում չի հիշատակել «ցեղասպանություն» բառը եւ միաժամանակ ընդգծել է երկխոսությանը «առանց որեւէ նախապայմանների»` Երեւանի պատրաստակամությունը:

Հակված լինելով ընդունել հայկական կողմի առաջարկը` Անկարան առաջարկում է «խառը ձեւաչափ»` Էրդողանը ակնարկել է քաղաքական հարաբերությունների զարգացման պատրաստակամության մասին, զուգահեռաբար ուսումնասիրելով պատմությունը: «Մենք չենք ասում, որ քաղաքականությունը պետք է թողնենք պատմաբաններին: Իհարկե, մենք կզբաղվենք քաղաքականությամբ»,- հայտարարել է նա: Որոշակի առաջխաղացումներ է հնարավոր համարում նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ամդուլլա Գյուլը: Նա ընդգծել է, որ եթե Երեւանը համապատասխան պատասխան տա վարչապետ Էրդողանի նախաձեռնությանը, ապա «իրադարձությունների որոշակի զարգացումներ տեղի կունենան»:

Թուրքական մամուլն արդեն լրջորեն քննարկում է, թե կոնկրետ որտեղ պետք է տեղի ունենա Քոչարյանի եւ Էրդողանի հանդիպումը: Երկու առավել հավանական տարբերկներն են` Մոսկվայում, ուր առաջնորդները մասնակցելու են ֆաշիզմի դեմ հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին, եւ Վարշավայում, ուր մայիսի 15-ին իր աշխատանքները կսկսի Եվրախորհրդի անդամ-պետությունների ղեկավարների գագաթաժողովը: Երկրորդ տարբերակը թուրք լրագրողներն առավել հավանական են համարում: Միաժամանակ, նշենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հանդիպման անցկացմանն առնչվող ոչ մի առաջարկ չի ստացել Անկարայից: Չնայած այդ հանդիպման հնարավորությունը ոչ ոք չի բացառում: «Զամանը» նշում է, որ բանակցությունների կայացման ժամկետների եւ վայրի մասին դեռեւս ոչ մի պայմանավորվածություն չկա, եւ խոսքն առայժմ մտադրության մասին է: Այդ դեպքում հարց է ծագում` թուրք դիվանագետները ի՞նչ նպատակով են տեղեկատվության արտահոսք կազմակերպել Քոչարյան-Էրդողան հանդիպման հնարավորության մասին: Ամենայն հավանականությամբ ԱԳՆ-ին հանձնարարված էր ստուգել հանրության արձագանքը բարձր մակարդակով ուղիղ երկխոսության անցկացման գաղափարի հանդեպ:

Արտյոմ Երկանյան