AM
14 Հոկտեմբեր 2006 - 11:14 AMT

Թուրքիան այնքան փող չունի, որպեսզի Ֆրանսիայի դեմ տնտեսական պատերազմ վարի

Դիրիժորի դերում Թուրքիան եւ թուրքական համայնքներն են Եվրոպայում, որոնք բոլոր ճշտերով եւ ստերով ձգտում են, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության անունը չհնչի: Որքանով է դա հաջողվում, այլ հարց է, քանի որ մերօրյա Եվրոպայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կանգնած չէ պատմական տեսանկյունից, այն ունի քաղաքական ենթատեքստ: Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանի խոսքերով, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կախված է նրանից, թե որքան մեծ նշանակություն դրան կտան եվրոպական երկրները: «Թուրքիային պետք է փաստի առաջ դնեն, որ առանց այս հարցի քաղաքական որոշման, այն չի կարող դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Թուրքիան պատրաստ չէ Եվրոպային, նա ձգտում է իր պայմանները պնդել, որպեսզի այնպես ստացվի կարծես ԵՄ-ն չի ընդունում Թուրքիային, այլ ընդհակառակը, Եվրոպան է մտնում Թուրքիա»,- գտնում է Չոբոյանը:

Ի դեպ, ներկայիս հակաֆրանսիական հիստերիկան Թուրքիայում հիշեցնում է 2001 թվականը, երբ Ֆրանսիայի Սենատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ եւս սպառնալիքներ կային Անկարայի կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ: Ամեն բան ավարտվեց մի երկու ամիս հետո: Ամենայն հավանականությամբ, այդպես կլինի այս անգամ եւս: Թուրքիան պարզապես փող չունի, որպեսզի տնտեսական պատերազմ վարի Ֆրանսիայի դեմ, եւ որեւէ այլ եվրոպական երկրի դեմ: Թուրքական արտաքին պարտքը մինչեւ 2006 թվականի վերջը կազմում է $200 մլրդ. եւ նա չի կարողանում այդ պարտքը նույնիսկ մարել. վարչապետ Ռեջեփ Էրդողանի պնդումները տնտեսության աճի վերաբերյալ որեւէ իրական հիմքեր չունեն: Թուրքիան Ադրբեջանը չէ, նա նավթ չունի եւ ամբողջ հույսը գյուղատնտեսության, ՀԲ-ի եւ ՀՎՀ-ի վրա է: Եւ չնայած Ֆրանսիայում թուրքական ուժեղ լոբբիին, Սենատը, ամենայն հավանականությամբ, կվավերացնի օրենքը: Հակառակ դեպքում, ամեն ինչ պարզապես անտրամաբանական կլինի. ստորին պալատը մեծ մարդասերի տեսք ստացավ, ի տարբերություն Սենատի, եւ առավել եւս` Ժակ Շիրակի: Եւս մեկ հանգամանք. 1990 թվականից ի վեր Հոլոքոստի մերժումը Ֆրանսիայում քրեական հետապնդման է ենթարկվում. 1 տարի ազատազրկում եւ տուգանք` 45 հազար եւրոյի չափով: Այնպես որ, ֆրանսիացի օրենսդիրները ճիշտ են որոշել, որ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ տարբերություն չկա: Եւ չգիտես ինչու, 1990 թվականին Գերմանիան հիստերիայի մեջ չընկավ:

Ամենայն հավանականությամբ, Թուրքիան շղթայական ռեակցիայից է վախենում, որը կհաջորդի օրինագծի ընդունմանը: Հերթի վրա է Հոլանդիան, Դանիան, Բելգիան, նույնիսկ կարող է եւ Գերմանիան: Նրանք բոլորը չեն ձգտում Թուրքիային տեսնել ԵՄ-ում, իսկ նման օրինագիծը, ինչպես բոլորն արդեն հասկացել են, լավ մահակ է: Թուրք գաղթականների թիվը Եվրոպայում հասնել է 10 միլիոնի, իսկ այն անընդհատ աճում է: Քրիստոնեական Եվրոպայի մահմեդական դառնալու նկատմամբ վախն է, որ ստիպում է եվրոպացիներին հիշել Հայոց ցեղասպանության մասին: Չէ՞ որ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ որոշակի տարիներ հետո թուրքերը չեն հիշի իրենց «փառավոր» անցյալը եւ չեն անցնի հին գործնեությանը: Գուցե դա ֆանտաստիկա է հիշեցնում, սակայն չի կարելի ամբողջությամբ բացառել թուրքերի ցանկությունը որեւէ հարց լուծել փորձարկված միջոցներով, այն է «չկան հայերը, չկա եւ հայկական հարցը»: Օսմանյան Կայսրության 600-ամյա հռչակը դեռ երկար ժամանակ հանգիստ չի թողնի թուրք ժողովրդին, որը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել «կայսերական մտածելակերպից»: Իսկ արդյո՞ք նա ցանկանում է դրանից ազատվել, այդ է հարցը: Եթե դատենք թուրք քաղաքական գործիչների հայտարարություններով եւ գործերով` ոչ: