AM
24 Մարտ 2007 - 11:38 AMT

Տարածաշրջանում կարող է գազային պատերա՞զմ սկսվել

Գազատարի շահագործումը Արդբեջանին առիթ է տվել արագացնել Եվրոպա էներգակիրներ մատակարարելու նախագծերը: Գաղտնիք չէ, որ իրանական խողովակը կարող է այլընտրանք դառնալ Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազատարին: Դեռ մինչեւ ԲԹԷ-ի կառուցման սկիզբը ենթադրվում էր, որ «Շահդենիզ»-ից ձգվող գազատարը Ադրբեջանում կարող է ռուսական տարբերակի հավելյալ, այլընտրանքային ձեւը լինել եւ Եվրոպայի երկրներ բնական գազ մատակարարելու հուսալի ուղի, առավել եւս, որ այն անցնելու է Վրաստանի տարածքով, որը ոչինչ չի խնայի, որ ազատվի կախվածությունից «Գազպրոմից»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի կողմից հնչեցրած «ռուսական գազատարից անկախության» գաղափարը բավականին լուրջ հիմքեր ունի: Հիշեցնենք, որ Ազիմովը խորհուրդ է տվել Եվրոպային գազն ուղղակիորեն Թուրքմենստանից գնել, եւ ոչ անմիջապես Ռուսաստանից: Դա, Բաքվի կարծիքով, կաջակցի ԵՄ էներգետիկ անվտանգության հզորացմանը:«Եվրոպական ազգերը հրավիրվում են պակտ ստորագրել եւ Թուրքմենստանի հետ համագործակցության մեջ մտնել: Արդյունքում, իմ կարծիքով, հնարավոր կլինի խոսել շահերի նոր խմբի առաջացման մասին: Եթե ուղղակի գազ գնել, ապա դրանից կշահի ոչ միայն Թուրքմենստանը, այլեւ Եվրոպան, քանի որ էներգիայի հավելյալ աղբյուր կստանա»,- հայտարարել է Ազիմովը Բրյուսելում: Եւ եթե դրան գումարենք Վաշինգթոնում ստորագրված «ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ համագործակցության հարցով փոխըմբռնման հուշագիրը»` Էլմար Մամեդյարովի եւ Քոնդոլիզա Ռայսի միջեւ, ապա Ռուսաստանի գործերը տարածաշրջանում, երեւում է, այնքան էլ լավ չեն:

Որքան էլ փորձի ռուսական կողմը ձեւացնել, որ Ադրբեջանի կողմից ասվածը հեռավոր ապագայի գործ է, իրականում ամեն բան այլ կերպ է: Իրան-Հայաստան գազատարը փոքր տրամագծի (700 մմ) պատճառով դժվար թե կարողանա մրցել ԲԹԷ-ի հետ: Ժամանակին առաջարկություն կար գազատարը մինչեւ Ուկրաինա հասցնելու, բնականաբար, մեծացնելով տրամաչափը: Սակայն մինչեւ այժմ «անբացատրելի» պատճառներով նախագիծը հասել է մինչեւ Հայաստան: Իսկ պատճառը, ինչպես միշտ, Ռուսաստանի մեջ էր, որը դեմ էր Վիկտոր Յուշչենկոյի նախագահությանը եւ չէր պատրաստվում Ուկրաինային գազ տրամադրել ներքին գներով: Արդյունքում, հերթական անգամ, տուժում է Հայաստանը, որը զրկվել է ենթարդվող գումարից դեպի Եվրոպա իրանական գազի տրանզիտի համար: Սակայն գնացքը մեկնել է: Ցավոք: Ճիշտ է, կարող է այնպես ստացվել, որ Իրանը շահագրգռված լինի Հայստանի տարածքով Եվրոպա գազ մատակարարելու մեջ: Ավելի շուտ, կարող է այնպես ստացվել, որ Եվրոպան ցանկանա իրանական գազն ստանալ որպես այլընտրանք արդեն գոյություն ունեցող, չնայած միայն նախագծի ձեւով, ադրբեջանական ուղուն: «Շահդենիզ» նավթահորը, որի հետ այդքան հույսեր էր կապում Բաքուն, Իրանի գազի պաշարների հետ չի էլ կարող համեմատվել: Իսկ ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա գազային բիզնեսում նրա տեղի մասին խոսելը դեռ վաղ է: