«Դեմ» մեկ ձայնի առկայության դեպքում հարցը հանվում է օրակարգից: Բոլորն են հիշում ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրացումը, որին հետեւեց Վրաստանի մերժումը` քվեարկել ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցության դեմ: Նման հաղթաթուղթ ունենք նաեւ մենք: Հայաստանն իր դիրքորոշումը կներկայացնի ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը. «Մենք անպայման կասենք մեր խոսքը: Միակողմանի սահմանափակումները, որոնք Ադրբեջանը դնում է Հայաստանի առջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, անընդունելի են, եւ կարծում եմ, որ ԱՀԿ-ն անպայման պետք է անդրադառնա այդ հարցին»: Ադրբեջանի դեպքում շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ճնշումը Հայաստանի վրա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից: Հնարավոր է, պայմանավորվածություն ձեռք կբերվի հայկական կողմի վետոն վրացականի հետ փոխանակելու վերաբերյալ: Այդ դեպքում կարելի է ակնկալել մեծ քաղաքական խաղ, սակայն Հայաստանը կկարողանա պնդել իրենը: Ամեն ինչ կախված է գերտերություններից:
Ի դեպ, ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիայի կողմից խոչընդոտելու կամ շանտաժի փորձեր չեն եղել, թեեւ Անկարային դժվար է կասկածել Հայաստանի հանդեպ ջերմ զգացմունքներ տածելու մեջ: Սակայն Թուրքիայի դիրքորոշումը միշտ թելադրվում է պրագմատիզմով: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ այլ է: Ադրբեջանը հուսով է, որ համաշխարհային հանրությունը որոշակի պատժամիջոցներ կձեռնարկի Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ, նույնիսկ չմտածելով, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել հենց իր հանդեպ: Վերջերս Բաքվի համար գլխացավանք են դարձել ԶԼՄ-ները, որոնց փակման հարցում Ալիեւը գրեթե պրոֆեսիոնալ է դարձել: Գուցե, Բաքվում չեն կարեւորում խոսքի ազատությունը եւ այլ եվրոպական արժեքները, սակայն Եվրոպայի Խորհրդում այլ կերպ են մտածում, ինչ հայտարարություններ էլ անի Թերի Դեւիսը: Սակայն ամենալուրջ բանը, ինչին կարող է հանդիպել Բաքուն, դա ԱՀԿ անդամակցության վետոն է, որը մի կազմակերպություն է, որ կոչված է զարգացնել տնտեսությունը: Սակայն, ինչպես հայտնի է, առանց քաղաքականության տնտեսություն չի լինում եւ այդ կազմակերպության անդամ դառնալու համար երկիրը պետք է մի շարք պարտավորություններ կատարի: Դրանց թվում են օրենսդիր եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները: ԱՀԿ շրջանակներում բարեփոխումները վերաբերում են երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին եւ ասպեկտներին: Սակայն հարցէ, թե որքանով է Բաքուն պատրաստ բարեփոխումների, որոնք կարող են նավթադոլարների հոսքը շեղել Ալիեւների գրպանից:
Ջանադրաբար ներկայացնելով բարգավաճ Ադրբեջանի պատկերը, կրտսեր Ալիեւը, կարծես թե, մոռանում է, որ ԽՍՀՄ-ում չի ապրում եւ «Լայնորեն է քայլում Ադրբեջանը» կարգախոսը ուղղակի մանկական հեքիաթ է: Բանակցությունները Հայաստանի եւ ԱՀԿ-ի միջեւ տեւեցին 9 տարի, եւ ոչ ոք հաջողություն չէր երաշխավորում, ընդ որում, որ մերժման համար ակնհայտ առիթներ չկային: Իսկ Ի.Ալիեւին ԱՀԿ-ն հարկավոր է` առաջին հերթին դա դրամակն միջոցներ են, եւ իհարկե, քաղաքական շահ: Այնպես որ, պատերազմով սպառնալուց առաջ, ավելի լավ կլինի մտածել, թե որքան դա կարժենա:





