AM
21 Հուլիս 2007 - 12:43 AMT

Ռ.Քոչարյանը վերջակետ է դրել ԼՂՀ-ում ընտրությունների «ճանաչման եւ չճանաչման» մասին անիմաստ վեճում

Ժամանակին, Արկադի Ղուկասյանը նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց հետո կուսակցական պատկանելության մասին հարցին պատասխանել է, որ ինքը, ինչպես եւ ողջ ժողովուրդը մեկ կուսակցություն ունի: «Մենք ղարաբաղցիների կուսակցություն ենք»,-ասել է նա 1997 թվականին: Նույնը, հավանաբար, կարող է ասել նաեւ նոր նախագահ Բակո Սահակյանը, չնայած այն փաստին, որ ԼՂՀ-ում կան մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնք սկզբունքորեն միասնական են գլխավոր հարցում` սկզբից ԼՂՀ անկախության ճանաչում, հետո` մնացածը:

Այս ամենին կարելի էր չանդրադառնալ, եթե մեր հարեւանները գոնե այս անգամ չվկայակոչեին համաշխարհային հանրությանն, իսկ ավելի ճիշտ, չհամոզեին սեփական ժողովրդին, որ ԼՂՀ-ում կայացած ընտրությունները ոչ ոք չի ճանաչում եւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ոչ ոք բանակցություններ չի վարի: Բաքուն գուցե չբանակցի մոտակա ապագայում: Դա, ի դեպ, Իլհամ Ալիեւից կախված չէ: Քանի որ, ինչպես դիպուկ արտահայտվել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, «եթե միջազգային կառույցները չեն ճանաչում ԼՂՀ նախագահին, ապա ինչո՞ւ են խոսում նրա հետ»: Իրոք, տարօրինակ է: Հազիվ թե նույն համանախագահները չեն դիմել Արկադի Ղուկասյանին, իսկ այժմ նաեւ Բակո Սահակյանին ասելով «պարոն նախագահ»: Եվ ոչ միայն նրանք:

Սակայն դա ամենեւին չի հուզում Բաքվին: Ադրբեջանական մամուլը, կարծես թե, ուշադրությունից դուրս չի թողել ոչ մի պետություն, սկսած Ճապոնիայից եւ վերջացրած ԱՄՆ-ով, որոնք «չեն ճանաչում» ԼՂՀ ընտրությունները: Ընդ որում հղումներն արվում են Բաքվում այդ երկրների դեսպանատների աշխատակիցների վրա, ինչը միանգամայն հասկանալի է: Սակայն դա էլ ամբողջը չէ: Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ Իսրայելի կողմից ընտրությունները չճանաչելու մասին հայտարարություններն արվել են Անկարայում այդ երկրների դեսպանություններում: Day.az-ը հիացմունքով գրում է, որ «պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության տարիների ընթացքում առաջին անգամ նման հզոր աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից: Մինչ այդ ընտրությունները դատապարտել էին ԱՄՆ-ն Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՎՈՒԱՄ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ»: Ճիշտ է, միջազգային հանրությունն այժմ զբաղված է Կոսովոյի եւ Իրանի խնդիրներով, ոչ թե Լեռնային Ղարաբաղի ընտրություններով: Իսկ այն, որ պաշտոնական հայտարարություններ են արվում, դա բնական է: ԼՂՀ-ն ՄԱԿ-ի անդամ չէ եւ, հետեւաբար, չճանաչված պետություն է:

ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Հանրային միջազգային իրավունքի եւ քաղաքականության խմբի» ղեկավար Փոլ Ուիլյամսի խոսքերով, ԼՂՀ բնակիչները քվեարկել են ոչ թե ինչ-որ միջազգային կառույցների, այլ իրենց համար: «Նրանց նպատակն էր նախագահ ընտրել եւ այդ խնդիրը նրանք կատարեցին փայլուն կերպով: Ես համոզված եմ, որ մի քանի շաբաթ անց արեւմտյան դիվանագետները կմոռանան, որ «չեն ճանաչել» ԼՂՀ ընտրությունները»,-ասել է Ուիլյամսը: Հարավսլավիայի նախկին արտգործնախարար Վլադիմիր Մատիչը, որը նույնպես հետեւել է ընտրությունների ընթացքին Ղարաբաղում, ընդգծել է, որ միջազգային դիտորդների ներկայությունը հաստատեց Ղարաբաղի բնակչության այն կարծիքը, որ նրանք ճիշտ ուղի են բռնել եւ հուլիսի 19-ի ընտրությունները մի նոր քայլ էին այդ ուղղությամբ: «Միջազգային իրավունքը չունի նման դրույթ, ըստ որի բնակչությանը արգելվի իրեն նախագահ ընտրել»,-ասել է նա:

Իսկ Ռ.Քոչարյանը վերջակետ դրեց ԼՂՀ-ում ընտրությունների «ճանաչման եւ չճանաչման» մասին անիմաստ վեճում: «Ընտրություններն անց են կացվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից սեփական կյանքը կազմակերպելու նպատակով, այլ ոչ թե Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի համար: Եվ որքան էլ ասեն, թե ընտրությունները չեն ճանաչվում, կազմակերպված եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կարեւոր քայլ է անկախության ճանաչման ճանապարհին»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանն Երեւանում` խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել դատարակ խոսակցությունների վրա: